«Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունն իրականացրել է հերթական բնապահպանական և կայուն զարգացման նախագիծը, որի շրջանակում մաքրվել է Կոտայքի մարզի Աղվերանի շրջանում հոսող Դալար գետն ու 5.5 կմ մերձափնյա տարածքը:
«Հաջողակ բիզնես գործունեություն իրականացնելուց բացի, «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը մշտապես կարևորում է բնապահպանությունն ու համայնքների կայուն զարգացումը: Նման մոտեցումը փորձում ենք տարածել նաև մեր աշխատակիցների, գործընկերների և հասարակության մեջ: Գետի և դրա շրջակայքի մաքրման այսօրվա նախաձեռնությունը տարիներ շարունակ իրականացվող մի շարք նախագծերից մեկն է: Հաջորդ նման ծրագիրը՝ համատեղ ծառատունկը, նախատեսում ենք իրականացնել աշնանը»,- նշեց «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան:
«Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության երկարաժամկետ գործընկեր «Արտ Լանչ» ընկերության աշխատակիցները նույնպես մասնակցել են գետի մաքրմանը՝ մեծապես նպաստելով այս կարևոր ծրագրի հաջողությանը: Արդյունքում, մեկ օրվա ընթացքում թիմերը գետն ու դրա մերձափնյա տարածքը մաքրել են 220 պարկ աղբից:
«Բացի գետի շրջակայքից աղբը հավաքելուց՝ կարևորում ենք նաև մարդկանց մեջ շրջակա միջավայրը չաղտոտելու գաղափարի սերմանումը: Այս միջոցառումից հետո ոչ միայն չենք աղտոտի բնությունը, այլ նաև կարգելենք ուրիշներին» ասաց «Արտ Լանչ» ընկերության ներկայացուցիչ Բակուր Մելքոնյանը:
20-ամյա իր գործունեության ընթացքում «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը մշտապես աշխատում է հայ հասարակության շրջանում բնապահպանական կայունության և ջրային ռեսուրսների պատասխանատու օգտագործման խնդիրը բարձրաձայնելու և իրազեկումն ընդլայնելու ուղղությամբ: Այս ոլորտում իրականցված մի շարք նախագծերից է նաև վերջերս ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ Հայանիստ համայնքում մեկնարկած լայնածավալ ծրագիրը, որն ուղղված է Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պահպանությանն ու համայնքում ոռոգման համակարգի վերականգնմանը: