Սեպտեմբերի 9-ին կմեկնարկի Հայաստանում արդեն 11 տարի անընդմեջ անցկացվող «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով անցկացվող Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝ ՅՈւՆԻՄԱ-Հայաստանը:

Փառատոնի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը Հայաստանի մարզերում, Արցախում և Ջավախքում: Այս տարի այն կանցկացվի Լոռու, Շիրակի մարզերում, նաև Երևանում:

«20-ամյա գործունեության ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը մեծապես կարևորել է հասարակության սոցիալական և մշակութային կյանքին իր մասնակցությունը: Այս ընթացքում մեր Ընկերությունն աջակցել է բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների: Այսօր ուրախ ենք մասնակցելու Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի կազմակերպմանը, որը, անշուշտ, իր տեղն ունի երկրի մշակութային կյանքում: Այս փառատոնի կազմակերպմանն աջակցությունն առանձնակի կարևորում ենք, քանի որ այն ուրախություն և երջանկություն է պարգևում թե Երևանի, թե մարզերի փոքրիկներին»,- ասուլիսի ընթացքում նշեց Ընկերության Հանրային կապերի և հաղորդակցության ղեկավար Էլինա Մարգարյանը:

Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին այս տարի կմասնակցեն թատրոններ Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Ուկրաինայից և այլ երկրներից, ինչպես նաև Արցախից և Հայաստանի տարբեր մարզերից:

«Մեր փառատոնի կարևորագույն նպատակներից է տիկնիկային արվեստի զարգացումը, միջմշակութային կապերի ամրապնդումը և, իհարկե, մեր մանուկ հանդիսատեսին ինչպես հայկական, այնպես էլ միջազգային տիկնիկային մշակույթին և հեքիաթագրությանը ծանոթացնելը»,- ասաց ՅՈւՆԻՄԱ-Հայաստանի նախագահ Արմեն Սաֆարյանը:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնի մեկնարկը տեղի կունենա Դսեղ գյուղում, որտեղ մասնակիցներն ու հյուրերը կդիտեն Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը՝ նվիրված բալլադի 130-ամյակին: Փառատոնի օրերին Երևանում, Գյումրիում, Շիրակի և Լոռու մարզերի տարբեր համայնքներում կանցկացվեն տիկնիկային ներկայացումներ, կտրվեն նաև տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, կանցկացվեն ամենօրյա երեկոյան ակումբներ, էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

Փառատոնի աջակիցներն են՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Շիրակի մարզպետարանը, Գյումրիի քաղաքապետարանը, «Կոկա- Կոլա Հելլենիկ Արմենիա» և Grand Candy ընկերությունները, Գյումրիում Իտալիայի հյուպատոսությունը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա- Կոլա» Ընկերության զովացուցիչների լիազորված միակ շշալցնողը: Ընկերության տեսականին ներառում է «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա», «Սպրայտ», «Բոնակուա», «Բըրն», «Փաուրեիդ», նաև «Նեսթի», «Դոբրի», «Ռիչ» և «Շվեփս» ըմպելիքները: Կորպորատիվ պատասխանատվության իր ռազմավարության շրջանակում Ընկերությունը կարևորում է նաև հայ համայնքի սոցիալական կյանքը՝ մշտապես ձգտելով մասնակից լինել և աջակցել հասարակական միջոցառումների ու ազգային տոնակատարությունների, որոնց թվում են Էրեբունի Երևան տոնը, Երեխաների պաշտպանության միջազգային տոնը, Վարդավառը և շատ ուրիշներ: