Սեր, երազանքներ, պատերազմ... Շուտով մեծ էկրաններ կբարձրանա Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմը, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։
«Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմը պատմում է մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին: Վերաարժևորե′լ կյանքը, գնահատե′լ շրջապատող մարդկանց, սիրե′լ հայրենիքը. ահա′ ֆիլմի հիմնական ասելիքը, որն ավելի էական է այսօր, երբ մեր հանրապետությունը թևակոխում է անկախության 25-րդ տարին»,- հայտնում է «Sharm holding»-ի մամուլի ծառայությունը։
«Կյանք ու կռիվ» ֆիլմի հերոսները դպրոցական տարիքից մտերմացած 25 տարեկան 4 ընկերներ են՝ Տիգրանը, Լևոնը, Արմենը և Էդուարդը: Նրանցից երկուսը մասնակցում են արցախյան ազատամարտին, իրենց կյանքը վտանգում հանուն հայրենիքի և խաղաղության:
Նշենք, որ ֆիլմում զուգահեռներ են տարվում պատերազմի և սիրո միջև։ Եվ հենց այս հակասական զուգահեռում է սկիզբ առնում այն սերը, որն ապրեցնում է և ուժ տալիս դժվարին պահերին: Ֆիլմի հեղինակները ներկայացնում են պատերազմական շրջանի ճակատագրերի ողբերգությունը՝ միախառնված առօրեական իրավիճակների հետ:
«Ֆիլմի ստեղծագործական խումբը կազմված է ֆիլմարտադրության ոլորտի փորձառու պրոֆեսիոնալներից, միաժամանակ մեծ հնարավորություն է տրվել հանդես գալու դեռևս քիչ փորձ ունեցող, բայց տաղանդավոր երիտասարդների: Ֆիլմի նկարահանումների ժամանակ, պատերազմական տեսարաններին ժամանակի իրական շունչը փոխանցելու համար՝ կիրառվել է իրական զինտեխնիկա, պայթուցիկներ, ուղղաթիռներ, ծանր տեխնիկա և այլ զինամթերք»,- նշեցին «Sharm holding»-ից։
Դերերում են Անի Խաչիկյանը, Սամվել Թադևոսյանը, Հայկ Մարգարյանը (ՀՏ Հայկո), Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը,Գեորգի Հովակիմյանը, Էլեն Սարգսյանը, Հայկ Պետրոսյանը, Վարդան Պետրոսյանը և ուրիշներ:
Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը։