Մի փոքր անկեղծանամ…Պատմեմ երազանքներիս մասին, միևնույնն է միմիայն քրտնաջան թիմային աշխատանքով են երազանքները կատարվում, այլ ուղի չունենք…
Երազում եմ, որ «Երազի Տունը» դառնա սիրված կենտրոն, ուր մայրերն ու փոքրիկները իրենց ազատ ու անկաշկանդ կզգան, որ գան առաջին հերթին ոչ թե թերապիաների, այլ ընկերանալու, շփվելու, սոցիալիզացիայի համար…Դառնա մի վայր, ուր մարդիկ գան կրթվելու, իրազեկվելու, ավելի մարդասեր ու հանդուրժող դառնալու…
Որ ոչ մի երեխայի լացի ձայն չլսվի, ոչ մի մայր չընկճվի ու չնեղվի իր երեխայի խնդրից, որ մարդիկ գան հյուր ` սիրելու ու զարմանալու, այլ ոչ թե միայն օգնելու… Որ մայրերն իրենց փոքրիկների խնդիրներին հանգիստ վերաբերվեն ու իրենք էլ լիարժեք ապրել սովորեն…
Երազում եմ, որ հաշմանդամություն երեխա տեսնելիս մարդիկ չուզենան լացել, խղճալ, այլ հավատան, որ ամեն մարդ իր ուղին ունի, իր չափաբաժին սերն ու իրավունքը `լիարժեք ապրելու, պարզապես «լիարժեք» բառի մեր ընկալումներն են տարբեր, երբեմն էլ չափազանց տարբեր …
Երազում եմ, որ հենց այդ ընկալումները փոխվեն, որ բարի գործը դառնա սովորական կենսաձև, մշակույթ, այլ ոչ թե ինչ որ բան ապացուցելու ձև…
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում մարդիկ բարեգործություն են անում, առանց լացելու, առանց ողբալու, հաճույքով, դրական աուրայով, սեր ու երազանքներ կիսելով…
Եկեք փորձենք մենք էլ վերանայել մեր աշխարհընկալումն ու հենց վաղը ավելի լավը դառնանք, քանի դեռ ժամանակ կա…
Հենց այս պահին լուր ստացա, որ մեր ամենաբարի ընտանիքներից մեկը փակում է օդափոխության ողջ ծախսը - 7.000$
Քիչ է մնացել, Երազի Տունը բացվելու ու փոխելու է
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Նազենի Հովհաննիսյանը: