Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը Facebook-ի էջում գրել է.
«Ես դեմ չեմ Ավետին տրված կոչմանը, բայց կարծում եմ կան արտիստներ, ում վաստակին Հանրայինը կարող էր դեռ տարիներ առաջ անդրադառնալ։ Տասը տարի անընդմեջ Հանրային ալիքը բոլոր պետական և նշանակալից տոներին «Մի վախեցիր» ֆիլմն է ցուցադրում։
Այդ ֆիլմը 2006-ին ստեղծվել է անասելի ջանքերով։ Ֆիլմի սցենարիստները Լևոն Գալստյանն ու Գնել Նալբանդյանը այս տարիներին անընդհատ աշխատել են ու ստեղծել են ֆիլներ, հաղորդումներ, ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը ստեղծել է մի գործ, որի վրա սերունդ է հասունացել, մինչ այսօր լսելի են ֆիլմից առաջացած թևավոր խոսքերն ու ֆրազները։
Սրան ասում են բեկումնային ֆիլմ։
Ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Խորեն Լևոնյանը, կարծում եմ այս երկրի տաղանդավորներից ամենացայտունն է, որ չի դադարում աշխատել ու այս տարիներին շատ կարևոր կերպարներ է ստեղծել։ Էս չորս անունները պիտի նշվեին ու պարգևատրվեին։ Ի վերջո, «Երգ երգոցը» մինչ այսօր հանրային ալիքի միակ պարբերական ծրագիրն է, որ բարձր վարկանիշ ունի։ էլի իմ տված անուններից երկուսն այդտեղ են. Խորեն Լևոնյան, Լևոն Գալստյան։ Տասնվեց տարի Խորենը կրկնօրինակում է հայերեն գեղարվեստական ու փաստագրական ֆիլմեր։
Որևէ մեկի աշխատանքը չնսենացնելով՝ ուզում եմ դերասանների մասին խոսել. բարդ եղանակային, տեխնիկական, էմոցիոնալ պայմաններում օրեր շարունակ նկարահանումներ, դերասանն անում է ամեն բան, որ հասնի ցանկալի արդյունքի։ Էլ ինչ պիտի անի Խորենի նման դերասանը, որ վաստակ ունենա… Երևի երգի խոսքեր գրի։ Նորից կրկնեմ, Ավետին շատ են հարգում, ասելիքս ուղղված է կոչման ներկայացնողներին, ում համար օբյեկտիվությունը, երևի սուբյեկտիվության թավշյա վարագույրի ետևում է։
Նայեք ֆիլմերի ցանկը, միգուցե տեսանելի լինի վաստակը»։