«Նաիրիտ»-ի սնանկության հարցում մեղավոր է եղել երկրի բարձրագույն ղեկավարությունը», - հայտարարեց «Նաիրիտ»-ի վերագործարկման համար 100 մլն դոլար ներդրում կատարելու պատրաստակամություն հայտնած գործարար Աշոտ Գրիգորյանը։
«Գիտեք՝ ի՞նչ է տեղի ունեցել անցյալ անգամ սնանկությունը և այս ամբողջ սկանդալը, որովհետև պետությունն ինքն է մասնակցել գողությանը։ Հասկացե՛ք, առանց պետության մասնակցության, գողություն չի կարող լինել», - ասաց Գրիգորյանը։
Սլովակիայից ժամանած հայ գործարարին երեկ ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Գործարարը վարչապետին տեղեկացրել է, որ նախատեսում է վերականգնել քիմիական արտադրությունը՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցների մշակած ծրագրի հիման վրա, պայմանով, որ «Նաիրիտ»-ն իրեն վաճառեն մեկ եվրոյով։ Դրանից հետո գործարարը վստահեցնում է, որ կանի 100 միլիոն դոլարի ներդրում։
«Վարչապետի պատասխանը եղել է դրական, բայց մի քիչ լղոզված։ Վարչապետի պատասխանը եղել է՝ «մենք պատրաստ ենք, մենք ցանկացած դրական առաջարկի պատրաստ ենք», այսինքն, հայտարարության մակարդակ է սա, «բայց», այ այդ «բայց»-ն իմ դուրը չի եկել, որովհետև չի կարելի ներդրողների մոտ բայց ասել», - հայտարարեց գործարարը։
Ըստ Գրիգորյանի, «բայց»-ը կառավարության թերահավատությունն է։ Իրեն սկսել են ներկայացնել «Նաիրիտ»-ի վերագործարկելու ձախողման դեպքերը։