Պատկան մարմինները չե՞ն ուզում պարզել, թե արդյոք Միհրան Պողոսյանի օֆշորային պատմության մեջ հանցակազմ չկա՞
Մի անհամեստ հարց ունեմ․ Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի մասին խոսեցին բոլորը, արձագանքեցին ամենատարբեր մակարդակներից, բայց անձամբ ես այդպես էլ չհասկացա, թե կա՞ր արդյոք արձագանք պատկան մարմինների կողմից։
Ինչ խոսք, օֆշորներում հաշիվներ ունենալն ինքնին հանցագործություն չէ, և այս առումով հաճախ սխալ շեշտադրումներ էին արվում, բայց Միհրան Պողոսյանը բարձրաստիճան պետպաշտոնյա էր, ով ներկայացնում էր հաշվետվություններ իր կապիտալի և ունեցվածքի մասին, իսկ ես վստահ եմ, որ պանամական փաստաթղթերի հրապարակած կապիտալների մասին նա ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել։
Այ դա արդեն առնվազն պետք է հարցեր առաջացներ Ոստիկանության, ՀՔԾ-ի ու ՊԵԿ-ի մոտ։ Ի՞նչ հարցեր․ օրինակ՝ արդյոք հայտարարգրե՞լ է այդ միջոցները և մուծել սահմանված հարկերն ու տուրքերը դրանցից, եթե չի հայտարարագրել ու չի մուծել, ապա որքա՞ն վնաս է հասցրել պետությանը ու, առհասարակ, կա՞ արդյոք հանցակազմ այս պատմության մեջ։
Բայց արի ու տես, որ մեր պատկան մարմինները հաճախ սիրում են իրենց շլանգի տեղ դնել (կներեք արտահայտությանս համար) ու այնպիսի տպավորություն է, որ հույսները դրել են նրա վրա, որ պատմությունը կմոռացվի-կգնա, և իրենք այդ մի գլխացավանքից կազատվեն։
Ի դեպ, նոր վարչապետը գողության պրիմիտիվ սխեմաների դեմ որ պայքարում է, սքանչելի է, բայց ոչ պրիմիտիվ գողություններն էլ անուշադրության չպետք է մատնվեն, առավել ևս, երբ կոնկրետ դրվագների մասին խոսում են ամիսներ շարունակ։
Արման Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից: