«Սթեյջ 7» դերասանական ստուդիայի հիմնադիր, ռեժիսոր և դերասան Տիգրան Նալչաջյանը 2017-ին հանդիսատեսին կհանձնի «Այրվող հորիզոններ» գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմի գլխավոր հերոսուհուն կմարմնավորի Օֆելյա Հարությունյանը, որը ռեժիսորի ստուդիայի սաներից է, ռեժիսորի խոսքերով շատ տաղանդավոր մի աղջիկ: Գլխավոր հերոսին էլ մարմնավորելու է հենց ռեժիսորը:
Այսպես, Yelaket.am-ը զրուցեց սկսնակ դերասանուհու հետ ֆիլմի, հերոսուհու մասին, ինչպես նաև ծանոթացանք վերջինիս կենսագրական որոշ հետաքրքիր կողմերին:
14-ամյա Օֆելյան, բացի «Սթեյջ 7» թատերական ստուդիա հաճախելը, սովորում է նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնի 7-րդ դասարանում, ինչպես նաև 4 տարեկանից հաճախել է պարի և այժմ պարում է «Վերածնունդ» պարային համույթում, որտեղ, ի դեպ, արդեն հասցրել է լուրջ հաջողություններ ձեռք բերել: Նա խաղացել է նաև մի քանի մանկական ներկայացումներում:
«Ֆիլմում խաղում եմ 15 տարեկան աղջնակի դեր: Ամենակարևորը հերոսուհու կերպարը ինձ շատ հոգեհարազատ է, այն շատ խորքային է, ու թեև նկարահանումները դեռ չեն սկսվել,սակայն մեծ բավականությամբ ու պատասխանատվությամբ եմ մասնակցում փորձերին, հետաքրքիր է անցնում նախապատրաստական աշխատանքները:
Ֆիլմի մասին շատ բան ասել չեմ կարող, քանի որ կա խնդիր չբացահայտելու սյուժետային գծերը` ելնելով ֆիլմի օրիգինալ գաղափարից և բոլոր առումներով ինքնատիպությունից, այդ իսկ պատճառով հակիրճ կներկայացնեմ Աննային, որին խաղում եմ ես:
Նա պատմության բերումով հայտնվել է ծանր կացության մեջ՝ քաղաքացիական պատերազմից հետո: Իսկ, առհասարակ, ընդհանուր պատմության մեջ իմ կերպարը սիմվոլիկա ունի իր մեջ, որի նշանակությունը բացահայտվում է ֆիլմի վերջում»:
Մեր այն հարցին, թե արդյոք այս ֆիլմը շրջադարձային կլինի կոնկրետ դերասանուհու համար, վերջինս պատասխանեց, որ ֆիլմում նկարահանվելը իր երազանքն է եղել, և սա իր կյանքի ամենասպասված պահն է: Ընտանիքում ևս ողջունում են աղջկա առաջին քայլերը թատերական կյանքում:
«Չէի սպասում, որ ինձ կընտրեն գլխավոր դերի համար: Այս ֆիլմն ինձ շատ բան կտա, ավելի կազմակերպված կլինեմ, ավելի լավ կդրսևորվեմ, այն չափազանց պարտավորեցնող է, հատկապես առանց քաստինգի եմ անցել, ինչը ստիպում է հուսախաբ չանել, արդարացնել ռեժիսորի սպասումները: Պետք է կարողանամ պատշաճ կերպով հասցնել ամեն ինչ, հատկապես գալիք տարում շատ ծանրաբեռնված եմ լինելու. ավարտում եմ երաժշտական դպրոցը, պետք է ֆիլմը ավարտենք, միաժամանակ պարը, հանրակրթական դպրոցը…»
Նշենք, որ ֆիլմում նկարահանվելու են Սարգիս Գրիգորյանը, Ռոբերտ Հակոբյանը, Արթուր Մկրտչյանը, Մարգարիտա Հունանյանը և այլ ճանաչված դերասաններ, որոնց կանդրադառնանք առաջիկայում:
Yelaket.am-ը ֆիլմի ռեժիսորին, հերոսուհուն և մյուս մասնակիցնեին մաղթում է ստեղծագործական հաջողություն և ակնկալում հետաքրքրական ու տպավորիչ ֆիլմ: