Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությանը հանձնարարվել է Լեզվի պետական տեսչության հետ համատեղ մայրաքաղաքում կազմակերպել շրջայցեր եւ արձանագրել այն գովազդները, որոնք հակասում են  Գովազդի եւ լեզվի մասին օրենքների պահանջներին եւ ձեռնարկել համապատասխան քայլեր դրանք շտկելու ուղղությամբ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնարարվել է նաեւ գույքագրել նախորդ տարիներին կառուցված խաղահրապարակները, այգիներն ու պուրակները, ֆուտբոլի դաշտերն ու մարզահրապարակները եւ դրանց պահպանման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

Մայիսի 24-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի միջոցառումների վերաբերյալ զեկուցվել է, որ տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Նշվել է նաեւ, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրի տեսքով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:

Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել միջոցառումների ծրագիր՝ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կենդանաբանական այգում, Հաղթանակ զբոսայգում, Ազատության հրապարակում, ինչպես նաեւ վարչական շրջանների համապատասխան տարածքներում միջոցառումներ կազմակերպելու եւ տոնական մթնոլորտ ապահովելու նպատակով: