Վերջերս տեղի ունեցավ ArmMod Fashion նախագծի հերթական նորաձևության ցուցադրությունը Armenia Wine գինու գործարանի մառանում` «Դու նորաձև ես, երբ կրում ես հայկական հագուստ և ըմպում հայկական գինի» խորագրով: Այն միտված էր խրախուսելու հայկական բրենդերը: Ցուցադրության թեմատիկան առավել ընդգծում էր նպատակային ընտրված վայրը: Այստեղ ներկա էին դիվանագետներ, նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ և տարբեր լրատվամիջոցներ:
Ցուցադրության ընթացքում զրուցեցինք նաև Armenia Wine ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանի հետ: Վերջինս խոսեց գործարանի ձեռքբերումների, ինչպես նաև նոր անելիքների մասին, որոնք կնպաստեն ապրանքանիշի առավել տարածմանն ու ճանաչմանն աշխարհում, իսկ Հայաստանը աշխարհին կներկայանա որպես գինեգործության գնագույն երկիր:
«Armenia Wine ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին: Այն հանդիսանում է Հայաստանի գինու արտահանման ամենախոշոր ընկերությունը: Հայաստանից գինիների 55,6%-ը արտահանում է հենց մեր ընկերությունը աշխարհի տարբեր երկրներ: Մեր երկրի համար գինեգործությունն այսօր բավական հետաքրքիր զարթոնք է ապրում: Կարծում եմ՝ Հայաստանի համար գինու տուրիզմը նույնպես ունի մեծ հեռանկար, մանավանդ, որ ունենք այնպիսի մի ժառանգություն, ինչպիսին Հայաստանի գինեգործության մշակույթն է: Այն ունի 6000 տարվա պատմություն, սակայն այսօր մենք, ցավոք սրտի, բավարար կերպով չենք օգտագործում մշակութային այդ հարստությունը, մինչդեռ արտադրությունում անհրաժեշտ է այդպիսի ներուժ, որը մեծ խթան կհանդիսանա: Քանի որ գինու շուկան շատ հագեցած է աշխարհում, ուստի մենք պետք է մեր ուրույն խոսքն ունենանք այս ոլորտում:
Այսօր մեր նպատակներից մեկն է զարգացնել գինու տուրիզմը Հայաստանում, և այդ նպատակով Armenia Wine-ը նախաձեռնել է շատ շուտով մեր երկրում բացել գինու պատմության թանգարան, որտեղ մենք ցույց կտանք մեր պատմությունն ու հարստությունը: Եվ եթե, օրինակ, Ֆրանսիայի Բորդո քաղաքը, որն աշխարհին հայտնի է որպես գինու հայրենիք, ունի 600 տարվա պատմություն, ապա մենք այս ոլորտում ունենք 6000 տարվա պատմություն, սակայն այն նպատակային չենք օգտագործում:
Մենք այսօր ունենք տուրիզմի դեպարտամենտ, կազմակերպում ենք Wine–tour-եր, որի ընթացքում տուրիստական զբոսաշրջային խմբերը, այցելում են գործարան, ծանոթանում են ժամանակակից գործարանի ամբողջ արտադրական համալիրին, ունենում ենք համտեսներ, սովորում են՝ ինչպես պիտի գինիները համտեսել, որ գինին ինչով, այսինքն՝ գինու օգտագործման մշակույթին են ծանոթանում՝ միաժամանակ տեղեկանալով, թե ինչպիսին էր գինեգործությունը մեր երկրում 6000 տարի առաջ»: