Նոյեմբերի 10-ին, կայացավ «Երկրաշարժ» ֆիլմի մեծ պրեմիերան, որի առաջին հանդիսատեսն էին ֆիլմի ստեղծագործական անձնակազմը, լրագրողները, կինոյի և թատրոնի աշխատակիցները և բազմաթիվ հայտնիներ։ Հանդիսատեսն այն կարող է դիտել նոյեմբերի 18-ից։
YN.am-ը ( Yerevan News – Երևան Նյուզ լրատվական կայք ) ներկա է գտնվել ֆիլմի պրեմիերային և զրուցել ներկաներից մի քանիսի հետ:
Ֆիլմի առաջին ցուցադրությունից հետո հանդիսատեսի աչքերին արցունքներ էին: Մենք զրուցեցինք ֆիլմի դերակատարներից Արսեն Գրիգորյանի հետ՝ խնդրելով պատմել իր տպավորությունների մասին ֆիլմն ամբողջությամբ դիտելուց հետո:
«Առանց արցունք հնարավոր չէ ապրել: Ֆիլմը ժամանակային իմաստով քեզ տեղափոխում և մերկացնում է մարդկանց հետ, ում հետ տեղի է ունեցել ողբերգությունը: Ես, իհարկե, հիշում եմ որպես երեխա, ցնցումները և այդ ապրումները, որ բոլորս ունեինք, բայց ֆիլմի շնորհիվ կարծես մերկանում ես այն մարդկանց հետ, որոնք այդ ցավի մեջ են եղել»,- ասաց նա:
Պատասխանելով Օսկար մրցանակաբաշխության հետ կապված իրադարձությունների մասին հարցին, Արսենն ասաց. «Ես կարծում եմ, որ այն դրդապատճառը, որը բերել է ակադեմիան, թե իբր մասնակիցների մեծ մասը հայեր չեն, բացարձակապես չի համապատասխանում ճշմարտությանը, որովհետև բավական է դիտել տիտրերը... մեծ մասը՝ և՛ պրոդյուսերները, և՛ ռեժիսորը, և՛ դերասանական կազմի մեծ մասը հայեր են եղել, աշխարհի տարբեր երկրներից, բայց բոլորը հայի ազգանուն են կրում: Թերևս այդ դրդապատճառը մի քիչ անհասկանալի էր, որովհետև «յան»-երը շատ էին: Ես չեմ կարծում, որ իրենք ունենային այլ պատճառ, այլ բան ասեին:
Ես անչափ ուրախ էի, երբ Հայաստանից ընտրվեց այս ֆիլմը, որպեսզի ներկայանա և իսկապես արժանի ընտրություն էր: Ցավոք, մինչև վերջ չգնացինք, բայց անգամ այդ փաստը, որ Հայաստանը վստահեց այս ֆիլմին դեպի Օսկար, արդեն ուրախացնող է»:
YN.am-ը լսել էր նաև այլ մարդկանց կարծիքներ և մեր դիտարկմանը, թե որոշները պնդում են, որ որոշ հատվածներ ավելի լավ կլիներ ֆիլմում ներգրավված չլինեին, դերասանը պատասխանեց.
«Ես, որպես այդ տեսարանների հիմնական գործող անձանցից մեկը, իսկապես հասկանում եմ նյարդայնությունը կապված այդ փաստի հետ, բայց պետք է չմոռանալ, որ ֆիլմը գեղարվեստական է և սցենարական գիծը պահանջում էր դա: Այն ամենը, ինչը որ եղել է, եղել է մեկ շաբաթ հետո կամ գուցե որոշ ժամանակահատված անց, երբ ինչ-որ իմաստով ցավը բթացել էր և մարդիկ սկսել են դրսևորվել... դրանք են նույն մարադյորները, ում մենք կերտում էինք: Բայց, քանի որ ֆիլմը մի քիչ ավելի սեղմ է, գուցե դա էր անսպասելին. թե ինչպես կարող է այս իրավիճակում այսպիսի բան տեղի ունենալ, բայց դա զուտ գալիս է նրանից, որ դու պատմությունը ներկայացնելու համար ունես 1 ժամ 30 րոպե ժամանակ:
Խոսելով ֆիլմում ներգրավված օտարերկրացի դերասանների մասին, մենք փորձեցինք պարզել, թե որքանով են նրանք կարողացել զգալ այդ իրադարձության ցավը. «Գիտեք, ինչն է հետաքրքիր, որ պրոֆեսիոնալիզմը բերում է մի փաստի. դու այլևս աշխատանքի մեջ ես... այնտեղ ինչ կկատարվի, ինչ կլինի... դու աշխատանքի մեջ ես, բայց այս ֆիլմը բոլորի, ոչ միայն դերասանների այլև աշխատակազմի՝ նաև այլազգի, բոլորի կյանքում պատմություն էր: Ոչ ոք ֆիլմին որպես զուտ աշխատանքի չէր վերաբերում, բոլորը խտացված էմոցիաներով էին: Մարդիկ ֆիլմներ են նկարում, ֆիլմի վրա աշխատում են 200 հոգի, հետո կյանքը շարունակվում է... բայց այս ֆիլմն էմոցիոնալ կապեց բոլորին»: