ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին տեղեկություն է տարածել Վահան Բադասյանի կողմից մատնանշված հանգամանքների ստուգման արդյունքների մասին.
«ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում Վահան Բադասյանը նոյեմբերի 21-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանը, եղբոր՝ Արայիկ Հակոբյանի հետ երկար տարիներ հանդիսանալով վերջինիս անվամբ գրանցված «Սիփան» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը կամ փոխկապակցված անձ, չարաշահել է պաշտոնեական դիրքը և շուկայական 90 ՀՀ դրամ արժեքից բարձր արժեքով՝ 1 կիլոգրամը 125-130 ՀՀ դրամով, ցորենի ձեռք բերման պայմանագիր է կնքել նշված ընկերության հետ, ինչի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունից յուրացրել է մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամ գումար:
Նույն օրը Վահան Բադասյանը բացատրություն է տվել այն մասին, որ հանդիսանում է «Հադրութի ալրաղաց» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենը, զբաղվում է ցորենի մշակմամբ, ունի ալրաղաց և հացի արտադրամաս: 2011թ. և 2012թ. ՀՀ ՊՆ-ին մատակարարել է ցորեն, բոլոր ընկերությունները ցորենը մատակարարել են նույն գներով: 2016թ. ՀՀ ՊՆ-ի կողմից ցորենի ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթին չի մասնակցել, սակայն հետագայում իմացել է, որ 3 ընկերություն մասնակցել են մրցույթին, սակայն չեն հաղթել և պայմանագրեր չեն կնքել, իսկ մրցույթում հաղթող է ճանաչվել Արայիկ Հակոբյանին պատկանող «Սիփան» ՍՊ ընկերությունը, իսկ մյուս չափաբաժինները շահել են այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2016թ. ընթացքում ցորենի գնման վերաբերյալ ընդհանրապես պայմանագրեր չի կնքել: ՀՀ ՊՆ-ի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի կարիքների համար կնքվել են առաջին տեսակի ցորենի ալյուրի գնման պայմանագրեր, որի ամբողջ գործընթացը կազմակերպվել է սահմանված կարգին համապատասխան, մրցույթի մասնակիցների համար ապահովվել են հավասար պայմաններ և համապատասխան 9 չափաբաժինների համար հաղթող են ճանաչվել ներկայացվող պահանջներին բավարարող, նվազագույն գին ներկայացրած մասնակիցները, ինչը հիմնավորվել է նաև մրցույթին մասնակցած, այդ թվում՝ հաղթող չճանաչված կազմակերպությունների տնօրենների բացատրություններով:
Վահան Բադասյանի կողմից նշված 2 ընկերությունների ներկայացրած հայտերը մերժվել են՝ հրավերի պահանջներին չհամապատասխանելու պատճառով, որպիսի հանգամանքն ընդունել և չեն վիճարկել նաև նշված ընկերությունների տնօրեններն իրենց բացատրություններով: Իսկ Վ.Բադասյանի կողմից որպես պարտված նշված 3-րդ ընկերությունն իրականում ճանաչվել է հաղթող, որի հետ պայմանագիր է կնքվել՝ անհրաժեշտ ալյուրի 9 չափաբաժիններից մեկի վերաբերյալ: «Սիփան» ընկերությունը հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ չափաբաժին առաջին տեսակի ցորենի ալյուրի մատակարարման հավակնությամբ, որում ճանաչվել է հաղթող, և ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ 1 կիլոգրամի համար 173 ՀՀ դրամ գնով: Վ.Բադասյանի կողմից որպես հաղթող ներկայացված մյուս ընկերությունն իրականում չի հաղթել. ներկայացված հայտը մերժվել է՝ առաջարկված գնի բարձր լինելու պատճառով:
Մրցույթի նախապատրաստման, դրանում հաղթող ճանաչելու և պայմանագրերի կնքման գործընթացում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը և նկարագրված գործընթացի հետ առնչություն ունեցող մյուս անձինք օրենքով սահմանված կարգով իրականացրել են իրենց լիազորությունները, ինչի արդյունքում մատակարարների հետ կնքված պայմանագրերով որպես ալյուրի գնման գին է սահմանվել տվյալ ժամանակահատվածում ձևավորված ալյուրի շուկայական գնից ցածր գին:
Այսինքն` 2016թ. ՀՀ ՊՆ կողմից ալյուրի ձեռքբերման գործընթացը կազմակերպվել է օրենքով սահմանված կարգով, գործընթացում որևէ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահում թույլ չի տրվել, պետական միջոցների յուրացում տեղի չի ունեցել և պետությանը վնաս չի պատճառվել:
Ընդ որում` մրցույթին մասնակցած կազմակերպությունների, այդ թվում՝ Բադասյանի կողմից մատնանշված և մրցույթում չհաղթած կազմակերպությունների սեփականատերերը հայտնել են, որ ՀՀ պաշպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով նախատեսված որակի ալյուրի արտադրության նպատակով ընկերությունների կողմից ձեռք բերված ցորենի մեկ կիլոգրամի գինը մրցույթի ժամանակահատվածում կազմել է 115-130 ՀՀ դրամ:
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ. մայիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԼՂՀ-ում առաջին տեսակի ալյուրի արտադրության միջին հանրապետական գինը կազմել է 195,3 ՀՀ դրամ, շուկայական գինը՝ 223,3-226,7 ՀՀ դրամ:
Քննության արդյունքներով որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Որոշման պատճեններն ուղարկվել են Վ.Բադասյանին և Մ.Հակոբյանին՝ պարզաբանելով, որ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով այն կարող են բողոքարկել»։«ՊՆ-ն ալյուրի ձեռքբերումը կազմակերպել է օրենքով սահմանված կարգով». ՔԿ-ն մերժել է քրգործի հարուցումը