Վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մոնիթորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ Արցախում նկատվում է նշված հիվանդությունների արձանագրման սեզոնային աճ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը և տեղեկացրել, որ ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից իրականացվում է վերին շնչառական ուղիների սուր վարակի (ՎՇՈւՍՎ) հիվանդությունների մշտադիտարկում:
«Ամենօրյա մշտադիտարկման տվյալների համաձայն ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա դրությամբ արձանագրվել է ՎՇՈւՍՎ 2802 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2249-ի փոխարեն: Հիվանդների շուրջ 87.1%-ը կամ 2441-ը՝ անչափահասներ են:
Սուր շնչառական վարակների և գրիպի մոնիթորինգի արդյունքներով նախորդ տարվա համեմատ արձանագրվել է հիվանդության աճ` 553 դեպքով, այդ թվում մինչև 18 տարեկանների մոտ 474 դեպք: Նույն ժամանակահատվածում բուժկանխարգելիչ հիմարկներում հոսպիտալացվել են 59 հիվանդ, որոնցից 54-ը երեխա»,-ասել է Օ. Հարությունյանը:
Անդրադառնալով հանրակրթական հաստատություններում հիվանդությունների պատճառով բացակայությունների ցուցանիշներին՝ համաճարակաբանը տեղեկացրել է, որ ամենօրյա մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ դպրոցներում բացակայող աշակերտների ընդհանուր թվից ընդամենը 4.3 տոկոսն է հիվանդ, իսկ նախադպրոցական հաստատություններում 8.8 %-ը:
Օ. Հարությունյանի գնահատմամբ` համաճարակաբանական իրավիճակն Արցախում լարված չէ և պետք չէ խուճապի մատնվել:
«Բուժկանխարգելիչ հիմնարկներն ապահովված են անհրաժեշտ քանակով դեղամիջոցներով, միանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, դեղորայքով, ախտահանիչ նյութերով և լուծույթներով: Կլինիկական ցուցմունքով գրիպ հիվանդության ախտորոշման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վիրուսաբանական լաբորատորիա են ուղարկվել հետազոտության 20 նմուշ. հետազոտության արդյունքները բացասական են»,- ասել է Օ. Հարությունյանը և հավելել, որ ռիսկի խմբերի բուժաշխատողների շրջանում սեզոնային գրիպի դեմ կատարվող կանխարգելիչ պատվաստումները գտնվում են ընթացքի մեջ:
Մասնագետի խոսքով` հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը ԼՂՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ հիվանդության ախտանիշաններն են` գլխացավ, մկանացավ ջերմություն՝ 38 աստիճան և բարձր, հազ, թուլություն, հարբուխ կամ քթի խցանում, հեղձուկ, երբեմն քթից արյունահոսություն:
Օ. Հարությունյանը հորդորել է. «Գրիպից պաշտպանվելու համար պետք է` ձեռքերը հաճախակի լվանալ օճառով և հոսող ջրով, եթե չկա նման հնարավորություն, ապա օգտագործել ալկոհոլ պարունակող կամ ախտահանող որևէ միջոց: Առարկաների մակերեսները լվանալ և ախտահանել կենցաղային լվացող միջոցների կիրառմամբ: Խուսափել հիվանդի հետ մոտ շփումից: Հազալիս ու փռշտալիս բերանը և քիթը փակել անձեռոցիկով: Խուսափել ձեռքերով աչքերին, քթին և բերանին դիպչելուց, քանի որ գրիպի վիրուսը տարածվում է այս ուղիներով ևս: Գրիպի վերաբերյալ իրազեկվել և տեղեկացնել ուրիշներին: Վարել առողջ ապրելակերպ՝ լիարժեք քնել, սպիտակուցներով, հանքային աղերով, վիտամիններով հարուստ սնունդ ընդունել, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել»:
Ի՞նչ անել, եթե մարդու մոտ առկա են գրիպի ախտանիշեր հարցին Օ. Հարությունյանը պատասխանել է. «Մնալ տանը և անհապաղ բժիշկ կանչել:
Հետևել բժշկի խորհուրդներին, կատարել նրա նշանակումները, պահպանել անկողնային ռեժիմ և ընդունել մեծ քանակությամբ հեղուկ: Փռշտալիս կամ հազալիս բերանը և քիթը փակել միանվագ օգտագործման անձեռոցիկով:Հազալուց և փռշտալուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով և օճառով»: