Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը դրական դինամիկա է տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վերջին հայտարարության մեջ: Համբուրգում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքներով՝
Ջոն Քերին, Սերգեյ Լավրովը և Ժան-Մարկ Էյրոն Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ դեկտեմբերի 8-ին տարածել են հայտարարություն, որում Բաքվին ու Երևանին կոչ են արել հարգել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները և վերահաստատել են կոչը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ վերադառնալ բանակցային սեղան հստակ նպատակով՝ «հասնելու կայուն խաղաղության առկա աշխատանքային առաջարկների հիման վրա»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով տվյալ հայտարարության մեջ տեղ գտած գնահատականներն ու շեշտադրումները՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ կա դրական դինամիկա, քանի որ համանախագահները դատապարտում են ապրիլյան վայրագությունները, որը ըստ էության վերաբերում է ադրբեջանցիների կողմից հայ զինվորների և խաղաղ բնակիչների խոշտանգումներին, բայց ճիշտ կլիներ, եթե երեք երկրների պատվիրակությունների ղեկավարները հասցեական գնահատական տային:
Բաբայանը չի կարծում, որ բանակցությունները Ղարաբաղյան խնդրի շուրջ մտել են լիակատար փակուղի, բայց բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ նախապայման է համարում Ադրբեջանին կառուցողական հունի մեջ բերելը:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նաև «շնորհակալություն» հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ անկեղծ է և չի թաքցնում իր ծրագրերը, այն է՝ բռնազավթել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության տարածքները:
«Եթե Ադրբեջանը կատարել է վայրագություններ, մարդկության դեմ հանցագործություններ, ճիշտ չէ, որ ընդհանուր են խոսում և ասում՝ դատապարտում ենք վայրագությունները: Պետք է ասեն՝ դատապարտում ենք Ադրբեջանի կողմից վայրագությունները, որովհետև մենք ներկայացրել ենք բոլոր տվյալները՝ խոշտանգված դիակների նկարներով, ամեն ինչով, թե ինչ է եղել մեր զինվորների հետ, ովքեր զոհվել են կամ հայտնվել են ադրբեջանցիների ձեռքերում: Եթե հավասարության նշան է դրվում, նշանակում է՝ ինչ-որ ձևով ներվում է այդ ամենը, իսկ մենք չենք ուզում, որ դա ներվի»:
– Պարոն Բաբայան, Մինսկի խմբի հայտարարության մեջ նշվում է, որ «մենք տեղյակ ենք մեղադրանքներին ապրիլին մարտի դաշտում կատարված հանցագործությունների մասին և դատապարտում ենք դրանք ամենախիստ ձևով»: Կարո՞ղ ենք ասել, որ խոսքը վերաբերում է ադրբեջանցի զինվորների կատարած հանցագործությունների մասին հայկական կողմի տրամադրած տեղեկություններին:
– Իհարկե, կարելի է այդպիսի եզրակացություն անել, և հենց այդպես էլ կա, բայց կարծում ենք՝ ճիշտն այն է, որ գնահատականներն ավելի հասցեական լինեն, ասեն գոնե Ադրբեջանի կողմից վայրագությունների ձևը, որ հասկանալի լինի՝ գլուխ կտրելը, դիակների խոշտանգումը: Այնուամենայնիվ, այն փաստը, որ ասում են, արդեն իսկ դրական է, և ակնկալում ենք, որ մյուս հայտարարությունը ավելի հասցեական կլինի, և կոնկրետ կնշեն, թե ով պետք է դատապարտվի:
– Քերին, Լավրովը և Էյրոն կոչ են ուղղել հակամարտող կողմերին՝ կապված բոլոր կարևոր խնդիրների հետ՝ պահպանել հրադադարը, քայլեր ձեռնարկել Վիեննայի, Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ և ի վերջո՝ վերադառնալ բանակցային սեղան: Փաստորեն որևէ առաջընթաց չկա՞, գործընթացը մտել է կատարյալ փակուղի՞:
– Ոչ, չեմ կարծում, որ գործընթացը մտել է փակուղի, բայց այն, որ պետք է լիցք հաղորդել այդ գործընթացին, սա էլ է միանշանակ: Սակայն այդ լիցք հաղորդելու միակ ձևը Ադրբեջանին կառուցողական հունի մեջ բերելն է, որովհետև երբ ժամանակին չի դատապարտվում, դա բերում է այլ զարգացումների: Տեսեք. երբ այդ տականքը գլխատեց Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ, դա պետք է դատապարտվեր, առաջին հերթին՝ հենց ՆԱՏՕ-ի կողմից: Հետո ադրբեջանցիները կաշառեցին Հունգարիային, որը նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է, դուրս բերեցին և հերոսացրին նրան: Սա նշանակում է արհամարհանք նաև ՆԱՏՕ-ի նկատմամբ: Դրա համար դա բերեց նրան, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զինծառայողին՝ Քյարամ Սլոյանին, գլխատեցին և գլուխը ցույց տվեցին գյուղերով մեկ: Սա ընդհանրապես բարբարոսություն է, անմարդկային մոտեցում: Եթե ժամանակին դատապարտեին, այդպես չէր լինի:
– Իսկ այս իրավիճակում ինչպե՞ս պիտի խթանել բանակցային գործընթացը: Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո սպասվում էր, որ նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի միջնորդությամբ, որը այդպես էլ չեղավ:
– Նախ և առաջ, դեռ կես տարի է անցել այդ հանդիպումից, և ասել՝ տագնապալի է, որ նախագահները չեն հանդիպել, ճիշտ չէ: Պետք է սպասենք: Հանդիպումներ տեղի չեն ունեցել ավելի երկար ժամանակահատվածներում, բայց հետո բանակցային գործընթացը վերսկսվել է, հետևաբար պետք է սպասենք, բայց զուգահեռ, իհարկե, ամեն ինչ պետք է արվի, որ Ադրբեջանը գա կառուցողական հուն: Հնարավոր չէ ակնկալել որևէ առաջընթաց՝ առանց դրա: Երբ մի պետության ղեկավար հերոսացնում է հանցագործներին, հայտարարում է, որ Երևանն էլ իրենց քաղաքն է, ի՞նչ պիտի ակնկալենք այդ երկրից, ինչպե՞ս կարող է առաջընթաց լինել: Նա չի էլ թաքցնում իր ծրագրերը: Ուստի պետք է կառուցողական դաշտ բերել, եթե անհրաժեշտ է, ներարկումներ անել շիզոֆրենիան մեղմելու համար: Բայց ընդհանուր առմամբ դեռ չենք հասել այն աստիճանին, որ ասենք՝ բանակցային գործընթացը լրիվ տապալվել է: Ունեցել ենք ժամանակաշրջան, երբ նախագահները մեկ տարուց ավելի չեն հանդիպել:
– Համանախագահները հիշեցրել են նաև այն սկզբունքներն ու տարրերը, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, մասնավորապես՝ Հելսինկիի Եզրափակիչ ակտի երեք հայտնի սկզբունքները և համանախագահ պետությունների կողմից առաջարկված լրացուցիչ տարրերը: Այդ տարրերի մեջ նշվում է, նախ, «ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո», հետո՝ ժամանակավոր կարգավիճակ ԼՂ-ին, Հայաստանը ԼՂ-ի հետ կապող միջանցք, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի որոշում ապագայում և այլն: Այս հաջորդականությունը էակա՞ն է:
– Խնդիրն այստեղ այն է, որ համանախագահ պետությունները ոչ թե դատավորներ են, այլ միջնորդներ, և պարտավոր են ներկայացնել բոլոր կողմերի առաջարկները: Դա տրամաբանական է, և այդպես պետք է լինի, ինչը չի նշանակում, որ այն, ինչ ներկայացվում է, ընդունելի է: Որպես գաղափար՝ կարող ենք հասկանալ, որ հակամարտությունը պետք է խաղաղ կարգավորվի, ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, բայց այդ բոլոր սկզբունքները տարբեր ձևով են մեկնաբանում կողմերը: Երբ ունենք պետություն, որը ֆաշիզմ է քարոզում, մարդասպանություններ է կատարում, խոշտանգում է դիակները, ծախում օրգանները և որևէ ձևով չի դատապարտվում, չի էլ թաքցնում իր ծրագրերը, ինչպե՞ս կարող ենք գնալ դեպի անցյալ՝ մանավանդ որ ունենք նախադեպ:
Եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, 1988 թ. մենք բարձրացրել ենք հարց, որ ուզում ենք վերամիավորվել Հայաստանի հետ: Այն ժամանակ ինչպիսի՞ մոտեցում եղավ. բռնություններ, Սումգայիթի ցեղասպանություն, Բաքվի, Կիրովաբադի ջարդեր, Հյուսիսային Արցախի հայաթափում և այլն: Հետո լայնածավալ պատերազմ Արցախի Հանրապետության դեմ, այս տարիների ընթացքում հրադադարի անընդհատ խախտումներ, ապրիլյան պատերազմ: Տեսեք՝ ինչքան նախադեպեր ենք ունեցել այս 25 տարիների ընթացքում: Եվ ի՞նչ է, պիտի վերադառնանք նույն իրավիճակի՞ն: Ընդհանրապես, 88թ. սահմանները գայթակղիչ են եղել Ադրբեջանի համար, հասկանալի էր, որ այդ վիճակում Ղարաբաղը չէր կարող գոյատևել որպես անկախ պետություն, ընդհանրապես չի կարող գոյատևել, դա գայթակղում է, որպեսզի հարձակվեն և ոչնչացնեն:
Սկզբունքները և գաղափարները տարբեր են: Կա ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականության իրավունք: Դրանք սկզբունքներ են, մենք ընդունում ենք այդ սկզբունքները, բայց դա չի նշանակում, որ այդ տարածքային ամբողջականությունը վերաբերում է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը: Ի վերջո, ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող խոչընդոտվել տարածքային ամբողջականության իրավունքով, որը բազմիցս նշվել է մի քանի կարևոր փաստաթղթերում, այդ թվում նաև այն ժամանակ, երբ Կոսովոն անկախություն ստացավ: Սա ցույց է տալիս, որ մի բան է սկզբունքը, մեկ այլ բան՝ իրականացումը:
Կրկնում եմ՝ Ադրբեջանը արդեն Երևանի նկատմամբ է հավակնություններ ներկայացնում արդեն վաղուց, և պետք է շնորհակալություն հայտնենք Ալիևին երկու բանի համար. նախ՝ նա ազնիվ է, չի թաքցնում իր նպատակները, որ ուզում է մեզ ոչնչացնել, երկրորդն էլ՝ ինչ-որ չափով, կարծես, փափկել է և ասում է՝ Երևանը ոչ թե զենքի ուժով ենք ուզում վերցնել, այլ խաղաղ ճանապարհով: Այստեղ՝ մեծ շնորհակալություն, բայց ինչպե՞ս պիտի խոսենք նմանատիպ աննորմալ գաղափարների տեր մարդկանց հետ: