Խոշոր ընկերությունների սննկացումը, լուծարումը, մեկից մյուսին անցնելը Հայաստանում, կարծես, դարձել է սովորական խաղի կանոն: Սրա լավագույն օրինակը խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերության գիգանտ «Նաիրիտ» գործարանի փակումն է: Բացառություն չէ նաև կաթնամթերքի արտադրության առաջատար «Աշտարակ-Կաթ»-ի նախադեպը, որի շուրջ ծավալվող իրադարձությունները, ավելի ճիշտ՝ մի անձի, ում անունը վերջերս ավելի հաճախ է պտտվում ընկերության լուծարման ֆոնին. Արտակ Սարգսյան, օլիգարխ-պատգամավոր, «ՍԱՍ-գրուպի» սեփականատեր, հենց նրա անվան հետ են կապում ընկերության առք ու վաճառքի խորհրդավոր գործարքը...
Հիմնավորվա՞ծ են, թե ուռճացված այն շշուկները, ըստ որոնց, լուծարման եզրին գտնվող «Աշտարակ-Կաթ» ընկերության ֆինանսական խնդիրների, այնուհետև առողջոցման ծրագրի ու խորհրդավոր սեփականատիրոջ երևան գալու հետևում կանգնած է ոչ այլ ոք, քան գործարար պատգամավոր Արտակ Սարգսյանը, ով հասարակության շրջանում հայտնի է որպես «ՍԱՍ-ի Արտակ»: Սխալ կլինի հարյուր տոկոսով պնդել դրանց իսկությունը, սակայն 1in.am լրատվական կայքի տարածած տեղեկությունը ճշտելու նպատակով հարցում կատարած ArmLur.am-ին ի պատասխան՝ Արտակ Սարգսյանի կողմից հնչած «Ոչ»-ը և «Վերջ, Ցտեսություն Ձեզ» ֆրազները, ավելի շատ հարցեր են ծնում, քան ցրում օդում կախված այդ «բամբասանքները»:
Թերևս «Աշտարակ կաթ»-ի սննկացման շուրջ առաջ եկած գլուխկոտրուկը հասարակության սեփականությունը դարձավ այն բանից հետո, որբ «Առաջին լրատվականը» մի հրապարակում զետեղեց կայքում, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Աշտարակ-Կաթ»-ում առկա խնդիրները կարծես թե հանգուցալուծվում են: Տեղեկությունների համաձայն, գործարանը գնել է Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, որին մեզ հասած տվյալներով, գործարանը մեծ պարտքեր է կուտակած եղել», - մեջբերման ավարտը:
Լրատվականը հավելում էր, որ իբր ՍԱՍ-ի Արտակը, սակայն, «Աշտարակ կաթ»-ի 100 տոկոս բաժնետերը չէ։ «Գործարանում բաժնեմաս ունի նաև կաթի փոշի ներկրող գործարարը։ Առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում «Աշտարակ կաթ»-ում։ Փոխվելու է ոչ միայն աշխատակազմը, այլ հնարավոր է նաև՝ գործարանի անվանումը», - շեշտվում է հրապարակման մեջ:
Եթե հավատանք հրապարկման իսկությանը, ապա՝ ստացվում է, որ Սարգսյանն ու կաթի փոշու անանուն ներկրողն խելահեղ մի սխեմա են մշակել, որով օրենքի սահմաններում, կվերադրաձնեն ոչ միայն պարտքերը, այլև ձեռք կգցեն կաթնամթերքի երբեմնի կայսրությանը:
Իսկ մինչ այդ, պաշտոնական տեղեկությունը «շտապում» է լույս սփռել խորհրդավոր սեփականատիրոջ և ընկերության հետագա ճակատագրի վրա: Եվ այսպես, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարում է փակ հանդիպման արդունքում ձեռք բերված պայմանավորվածության մասին, որով «Աշտարակ-Կաթ»-ը գնում և իր վրա է վերցնում աշխատողների վարձավճարների, 180 մլն դրամ պարտքի և գործարանի առողջացման ողջ բեռը ԱՄՆ-ում գրանցված, հայկական շուկայում առաջին քայլերը կատարող «Ադրա Ռեմար» կազմակերպությունը: Ճակատագրի հեգնանքով, առողջացման ծրագրի ղեկավարը Արտակ Ավագյանն է, իսկ ներդրողը՝ ոմն Արտակ Ասատրյանը: Միգո՞ւցե հենց Արտակ անունն է պատճառ հանդիսացել շշուկների տարածմանը, «ՍԱՍ-ի Արտակի» հետ այս պատմության կապելը...
Նյութի աղբյուրը՝ YN.am