Ավստրալիայի դաշնային դատարանը սպառողների պաշտպանության եւ մրցակցության հանձնաժողովի բողոքարկումից հետո Nurofen ցավազրկող դեղամիջոց արտադրող բրիտանական Reckitt Benckiser ընկերության տուգանքը կմեծացնի 1,3 մլն դոլարից մինչեւ 4,4 մլն դոլար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հանձնաժողովը տուգանքի չափը չափազանց փոքր է համարել եւ դարձյալ դատարան է դիմել, որը այն մինչեւ 4,4 մլն դոլար մեծացնելու որոշում է կայացրել:
«Ընկերությունը այս խորամանկ մարքեթինգային քայլն օգտագործել է երկար տարիներ շարունակ եւ վիթխարի շահույթ է ստացել՝ գնորդներին մոլորության մեջ գցելով»,- նշել են հանձնաժողովից:
Անցյալ տարվա դեկտեմբերին երկրի դաշնային դատարանը որոշել էր, որ ցավազրկողն արտադրող բրիտանական Reckitt Benckiser ընկերությունն իր սպառողներին մոլորության մեջ է գցել՝ Nurofen Specific Pain դեղամիջացի հավաքածուի հետ կապված, որի մեջ մտել են իբր տարբեր տեսակի ցավերի դեմ միջոցներ: Դատարանն ընդունել է, որ այս բոլոր դեղամիջոցների բաղադրությունը միատեսակ է, եւ որ ընկերությունը խաբել է իր գնորդներին, ինչի պատճառով ընկերությանը 1,3 մլն դոլարով տուգանել է: