Հայաստանի հանրապետությունում Բելառուսի դեսպանատան դիմաց «ԵԼՔ» դաշինքը բողոքի ակցիա է իրականացնում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու համար:

«ԵԼՔ» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է դատապարտել Բելառուսի վարած քաղաքականությունը ԱԳՆ-ի մակարդակով և ոչ լուռ:

«Կրկին անգամ վերահաստատվում է այն փաստը, որ ՀԱՊԿ շրջանակներում, ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ի նկատմամբ բարեկամական դրսևորում չկա: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանն է ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի անդամ, Բելառուսն էլ միշտ դեմ է քվեարկում Հայաստանին»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Արցախի կյանքը լուսաբանող մարդուն Ադրբեջանին արտահանձնելը, որի կանոնավոր բանակը «Իսլամական պետության» կանոններով է շարժվում, մեկուսացման նախադեպ է:

Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց, թե ինչով է զբաղվում ՀՀ դեսպանը Բելառուսում, ո՞րն է իր առաքելությունը. «Մեր դեսպանը պետք է ետ կանչվի և դիվանագիտական հարաբերությունների հետ հարցը պետք է քննարկման առարկա դառնա: Մենք նման նախադեպ ունենք, երբ Հունգարիան Սաֆարովին վերադարձրեց Ադրբեջանին, մեր հարաբերությունները խզվեցին։ Բելառուսի դեպքում, եթե անգամ հարաբերությունները չեն խզվում, ապա պետք է բողոք հնչեցնել և նվազագույնը այն պետք է լինի, որ դեսպանին ժամանակ տանք, որ Հայաստանից գնա»:

Ակցիային մասնակցող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ
Բելառուսի իշխանությունները ոտնահարել են բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսքի ազատության իրավունքը՝ նրան արտահանձնելով Ադրբեջան:

«Լապշինի արտահանձնումը վկայում է նաև, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը ՀՀ նկատմամբ ձևական է, չի կարող ՀՀ անվտանգության ապահովման գործոն լինել»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ «Ելք» դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է ետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին ու սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:

Ակցիային մասնակցում էր նաև Գառնիկ Իսագուլյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ անչափ կարևոր են այն միջոցառումները, որոնք կապված են Լապշինի արտահանձնման հետ:

Հիշեցնենք, որ հայտնի բլոգերը, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին, ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը:

Բլոգերը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:

Բելառուսի Գերագույն դատարանն ավելի վաղ մերժել էր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ, ինչից հետո փետրվարի 7-ին Լապշինին հատուկ չվերթով տեղափոխել են Բաքու։