Երեկ գիշերը Ակնայի եւ Մարտունու ուղղություններում կրած կորուստներից հետո, մանավանդ, որ դրանցից հինգի դիակը դեռեւս ընկած են չեզոք գոտում, թվում էր, թե հակառակորդը պիտի որ հետեւություն կատարեր եւ, գոնե, որոշ ժամանակ ձեռնպահ մնար իրադրությունն արհեստականորեն սրելու մտադրությունից: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Սակայն՝ ոչ, ադրբեջանական կողմն՝ իր սովորության համաձայն, ոչ միայն հնարածին տեղեկություններով շարունակեց կերակրել սեփական հանրությանը՝ ներկայացնելով, թե իբր փետրվարի 25-ին խոցել են հայկական ԱԹՍ եւ մեկ երկարաժամկետ կրակակետ (ДОТ), այլեւ օրվա վերջերին եւ այս գիշերվա ընթացքում ականանետային եւ հեռահար հրետանային միջոցներից հարյուրից ավելի անգամ արկակոծության են ենթարկել ՊԲ առաջնագիծն ու մերձակա խորության տարածքները: Այսքանից հետո առողջ տրամաբանությունը հուշում է, որ մենք գործ ունենք ոչ միայն նենգ եւ իրականության զգացողությունից զուրկ կողմի (դրանում վաղուց ենք համոզվել), այլ նաեւ սեփական զինվորի դիակի հանդեպ հարգանքը կորցրած թշնամու հետ»: