Հայ օգտատերերի գրեթե կեսը բախվում է կիբեռսպառնալիքների հետ: Այս և կիբեռանվտանգության ոլորտին առնչվող այլ վտանգներից և դրանցից խուսափելու եղանակների մասին խոսեց անձամբ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ով հատուկ այցով ժամանել էր Հայաստան: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին մի շարք վիճակագրական տվյալներ և ցուցանիշներ:

   Միջինում անձնական համակարգիչ ունեցող յուրաքանչյուր օգտատեր տարվա ընթացքում մոտ 13 անգամ բախվել է համացանցային որևէ սպառնալիքի հետ: Իսկ տեղային նման սպառնալիքների հետ բախումը գրանցվում է 6 անգամ ավելի հաճախ՝ տարվա ընթացքում միջինում 83 անգամ:

Մասնագետների խոսքով ցանկացած կիբեռսպառնալիք հղի է կարևոր տեղեկատվության կորստի վտանգով՝ սկսած ծածկագրերից, անձնական տվյալներից, նամակներից մինչ բանկային հաշիվներ, կոնտակներ և այլն:

«Կասպերսկի լաբորատորիա»-յի գնահատմամբ համաշխարհային մակարդակով կիբեռհանցագործությունների հետևանքով գրանցվող տարեկան վնասը համահավասար է 400-500 միլիարդ դոլարի, որն ավելին է, քան 2016թ. ՌԴ դաշնային բյուջեն:

   Ընկերության ներկայացուցիչները նաև ներկայացրեցին գործնականում իրականացված կիբեռհանցագործությունների մի քանի օրինակներ, որոնց թվում գողություններ բանկերից, ահաբեկչություններ, անօրինական գործարքներ և այլն:
   

Ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչը Հայաստանում և Վրաստանում՝ Արմեն Կարապետյանը, նշեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է մեծ զգոնություն ցուցաբերել համացանցից օգտվելիս: Այնուամենայնիվ նույնիսկ ամենազգուշավոր վարքագիծը չի կարող ամբողջապես երաշխավորել պաշտպանությունը նմանատիպ սպառնալիքներից: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ունենալ հակավիրուսային ծրագիր բոլոր սարքավորումների համար՝ սկսած անձնական համակարգչից՝ վերջացրած բջջային հեռախոսով:
   

Ելույթներից հետո կայացավ ինտելեկտուալ փոքրիկ խաղ ներկաներ համար, որի հարցերը վերաբերում էին հենց կիբեռանվտանգության ոլորտին: Հաղթող ճանաչվեց 3 թիմ, որոնցից մեկը՝Էյ Այ Սի կազմակերպության՝  YN.am և Yelaket.am-ի թիմն էր: Վերջիններս զբաղեցրեցին 3-րդ պատվավոր տեղը ստանալով գավաթ և անակնկալ նվերներ կազմակերպիչներից: