Lragir.am-ը գրում է.

Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարին ապրիլի 25-ին հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, նրան է փոխանցել Հնդկաստան այցելելու հրավերը, որ Սարգսյանին ուղղել է Հնդկաստանի նախագահը: Պրանաբ Մուքերջին Սերժ Սարգսյանին հրավիրել է Հնդկաստան երկկողմ օրակարգի հարցեր և փոխգործակցության հեռանկարներ քննարկելու համար: Այդպիսով, մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը Սերժ Սարգսյանը կհասցնի լինել նաև Հնդկաստանում: Իր նախագահական պաշտոնավարման մոտ տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը բավականին շրջագայեց, այցեր կատարեց տարբեր երկրներ՝ էկզոտիկայից մինչև աշխարհաքաղաքական կենտրոններ: Թե ինչ շահեց այդ ամենից Հայաստանը, պարզ չէ: Պարզ է միայն, որ ինչքան ավելանում էին Սերժ Սարգսյանի օտարերկրյա այցերը, այդքան նվազում էին Հայաստանի տնտեսության մեջ կատարվող արտաքին ներդրումները, նվազում էին տնտեսական ցուցանիշները, ավելանում էր աղքատությունն ու արտագաղթը, զուգահեռաբար աճում էին Հայաստանի անվտանգության ռիսկերը:

Տրամաբանությունը հուշում է, որ օտարերկրյա այցերը պետք է ունենային Հայաստանի տնտեսական գործընկերների և դաշնակիցների շարքերը համալրելու նպատակ: Սակայն, ինչպես Ապրիլյան պատերազմին անուղղակիորեն խոստովանեց նաև Սերժ Սարգսյանը, Հայաստանն ըստ էության մնաց առանց իրական դաշնակիցների: Ուրեմն ի՞նչ նպատակ են հետապնդել Սերժ Սարգսյանի օտարերկրյա այցերը, որոնք, ընդ որում, ի տարբերություն իր նախորդների, եղել են անհամեմատ բավականին առատ: Նշանակում է, որ կամ Սերժ Սարգսյանի այցերը եղել են խիստ անարդյունավետ և որևէ կերպ չեն արդարացրել սպասումները, Սերժ Սարգսյանին չի հաջողվել ոչինչ՝ բացի անձնագրում ևս մի կնիք ավելացնելը, կամ Սերժ Սարգսյանը բացարձակապես չի ունեցել Հայաստանի համար որևէ տնտեսական, քաղաքական, անվտանգության հետ կապված որևէ բան ավելացնելը և նրա արտասահմանյան ուղևորություններն ունեցել են միայն մեկ նպատակ՝ ներքին քարոզչական շրջանառություն, կամ առավելագույնը մեկ այլ նպատակ՝ զուտ անձնական-խմբակային տնտեսական շահերի սպասարկում:

Այլ կերպ, մեղմ ասած դժվար է բացատրել, թե ինչու Սարգսյանի որևէ արտասահմանյան այցելություն այդպես էլ չի ունեցել Հայաստանի համար որևէ նշանակալի, շոշափելի դրսևորում: Դրանց ընթացքում հնչեղ հայտարարություններ են արվել ներդրումային հեռանկարների, գործակցության այլ ուղղությունների մասին, սակայն Հայաստանի տնտեսա-քաղաքական իրականությունը արտահայտում է լիովին հակառակ մի պատկեր: Իսկ խնդիրն այն է, որ Հայաստանում շոշափելի փոփոխության հասնելու համար Սերժ Սարգսյանից պահանջվող քայլերը արտերկրում չէին, այլ Հայաստանում: Հայաստանում էին համակարգային բարեփոխումների, տնտեսական միջավայրի գրավչության և այլ կարևոր բաղադրիչների ձևավորման համար անհրաժեշտ քայլերը, որ պահանջվում էին Սերժ Սարգսյանից, և որի հանձնառությունը նա ստանձնում էր իր հրապարակային ելույթներում: Սերժ Սարգսյանն ըստ էության «փախչում» էր այդ ամենից արտասահման և առաջիկայում «փախուստի» հերթական ուղղություններից մեկը կլինի նաև Հնդկաստանը: