Հանրապետությունում գործող 504 ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունները (Երևանում՝145, գյուղական համայնքում՝ 242, մյուսները բուժական կենտրոներ) պարտավոր են օրենքով նախատեսված կարգով ոչ միայն անվճար դեղեր տրամադրել սոցիալապես թիրախավորված մի շարք խմբերի, այլև իրակացնել ամբուլատոր բժշկական ծառայություններ:
2016-ին պլանավորվել է ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ սպասարկել2.980 հազար շահառուի: Մեկ շահառուի հաշվով միջին ամբուլատոր ծախսը նախորդ տարի կազմել է 9.300 դրամ, իսկ առողջության առաջնային պահպանման ծրագրի ծախսը ՝ միջինում 3,762.6 դրամ:

Ստացվում է, որ առաողջության համար մեկ շահառուին հատկացվող միջին ծախսը կազմում է շուրջ 14.000 դրամ:

Ամբուլատոր հաստատությունների կողմից իրականացվում են թվով 12 բյուջետային ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է բնակչության կոնկրետ խմբերի: Արտահիվանդանոցային ծրագրերից մեկը և ամենամեծը հենց «Առողջության առաջնային պահպանման» ծրագիրն է: Ըստ էության այս ծրագրի շահառու են հանդիսանում ողջ բնակչությունը՝ պայմանավորված առանձին գործոններով.

« Այս ծրագիրն ունի տարբեր բաղադրիչներ, հետևաբար համապատասխան շահառուների խմբեր: Օրինակ, եթե Ընտանեկան բժշկի և տեղամասային թերապևտի (մանկաբույժի) կողմից մատուցվող ծառայությունների շահառու է հանդիսանում ողջ բնակչությունը, ապա բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովման շահառուն դպրոցահասակ երեխաներն են, իսկ անվճար և արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանում են ըստ հիվանդությունների կամ հատուկ խմբերին»,- մեզ հետ զրույցում ասաց «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կարինե Հարութունյանը

«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը» (EDRC) , «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ իրականացրել է «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագիրը, որի արդյունքում եկել է հետևյալ եզրահանգման. անվճար և արտոնյալ պայմաններով բաշխված դեղորայքը միջինում կազմել է շահառուներին անհրաժեշտ խմբաքանակի 75%-ը , ընդ որում 56%-ի դեպքում ապահովել է հիվանդին անհրաժեշտ դեղորայքի ողջ քանակը, 14.8%-ին՝ անհրաժեշտ դեղորայքի կեսը, իսկ 17.4 %-ի դեպքերում՝ կեսից պակասը:

Անվճար և արտոնյալ պայմաններով բաշխված դեղորայքը

 

Ում է արտոնված անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալ….

Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունք ունեցողների խմբերը սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ: Բնակչության 31.8%-ը հանդիսանում է անվճար և արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու շահառու: Ընդ որում, 21.3%-ը, համաձայն համապատասխան հատուկ խմբին պատկանելիության, անվճար դեղ ստացող է,3.8%-ը 50% զեղչի իրավունք ունեցող, իսկ 6.7-ը՝ 30% զեղչով:

Ովքեր են անվճար դեղորայք ստանալու իրավունք ունեցող անձիք

Սոցիալական անապահով հատուկ խմբերի քաղաքացիներ համարվում են ՝

1‐ին և 2‐րդ խմբերի հաշմանդամները,
հաշմանդամ երեխաները (մինչև 18 տարեկան),
հայրենական պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք,
առանց ծնողական խնամքի մնացած կամ միակողմանի ծնողազուրկ երեխաները (մինչև 18 տարեկան),
բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները,
ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,
հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաները (մինչև 18 տարեկան),
մինչև 7 տարեկան երեխաները:
Սոցիալական նշանակության հատուկ հիվանդություների խմբեր

տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր),
հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր),
չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր),
շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր),
էպիլեպսիա (հակացնցումային դեղեր),
սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր),
պարբերական հիվանդություն (կոլխիցին և (կամ) համարժեք այլ դեղեր),
սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո),
մալարիա (հակամալարիային դեղեր),
քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)),
ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր),
անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր):
Կառավարության նույն որոշմամբ սահմանվում է նաև արտոնյալ պայմաններով (30% և 50% ) դեղորայքի ստացման իրավունք ունեցողների ցանկը.

30% զեղչով դեղորայքի ստացման իրավունք ունեն միայն՝ չաշխատող կենսաթոշակառուները

50% զեղչով դեղորայքի ստացման իրավունք ունեն՝

3‐րդ խմբի հաշմանդամներ,
Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
բռնադատվածներ,
միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,
միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ,
միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):

Դեղերի ստացման դեպքերի48%-ը բաժին է ընկնում շաքարային և ոչ շաքարային դիաբետով հիվանդներին, 14.4%-ը ՝ մինչև 7 տարեկան երեխաներին: Նրանց հաջորդում են 3-րդ և 2-րդ խմբի հաշմանդամները և հոգեկան հիվանդություններով հիվանդները:

Ի դեպ որոշ բուժհաստատություններ միևնույն հիվանդության դեպքում շահառուին կարող են տրամադրել տարբեր դեղորայքներ: Ամբուլատոր հաստատությունն է որոշում , որ դեղորայքը տրամադրել շահառուին, բայց որակապես որևէ տարբերություն այդ դրանց միջև չի կարող լինել.

Դեղորայքը ձեռք է բերվում գնումների ընթացակարգին համապատասխան և բավարարվում է ամենաէժան գին առաջարկած մատակարարի առաջարկը: Բուժհաստատությունների կողմից բաշխվում է այն դեղորայքը, որը գնվել է համաձայն նշված ընթացակարգերի: Արդյունքում միևնույն հիվանդության համար ձեռք բերված դեղորայքը տարբեր հաստատություններում կարող է տարբեր լինել: