News.am-ը գրում է.

ՀՀ ՊՆ N զորամասի ահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 14-ին մահացած ժամկետային զինծառայող Արշակ Արշակյանը բանակում որեւէ խնդիր չի ունեցել: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հորեղբայրը: Նա նշեց, որ Արշակը որեւէ բողոք չի ներկայացրել, նա ծառայակիցների հետ խնդիր չի ունեցել: Երբ վերջին անգամ հարազատները հեռախոսով զրուցել են նրա հետ, տրմադրությունը բարձր է եղել:

Արշակ Արշակյանը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր, միակողմանի ծնողազուրկ:

19-ամյա Արշակի հայրը մահացել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի ժամանակ, կրտսեր սերժանտը բնակվում էր մոր եւ եղբոր հետ: Թե որն է եղել զինծառայողի մահվան պատճառը, հայտնի չէ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 14-ին ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

Քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները:

Նյութի աղբյուրը՝ News.am