Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հրազդանցի Սարգիս Սահակյանին ծառայակից ընկերները «Ռուսկի» անունով էին կոչում: Պատերազմից մեկ տարի անց NEWS.am-ն այցելել է հերոսի մորը՝ Թամարա Ղազարյանին, որը հուշեր է պատմել որդու մասին:
«Դեռ 4 տարեկան էր Սարգիսը, երբ մենք ընտանիքով մեկնեցինք Ռուսաստան, Սարգիսն էնտեղ է մանկապարտեզ գնացել, դպրոց, ավելի քան 15 տարի մնացել ենք Ռուսաստանում: Սպորտով էր զբաղվում Սարգիսը, ֆուտբոլի էր հաճախում, բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի: Նա շատ խելացի ու կարգապահ էր դպրոցում, ես հպարտությամբ էի մտնում դպրոց, ուսուցիչները միշտ նրան էին օրինակ բերում որպես կարգապահ աշակերտի: Նա ինձ միշտ ասում էր, մամ, որ մեծանամ, ամեն ինչ անելու եմ, որ դու ոչնչի մասին չմտածես: Երբ դպրոցը ավարտեց, ասաց, որ ուզում է Հայաստան գալ, ասում էր՝ միեւնույն է պիտի ծառայեմ, ես էլ ուզում եմ իմ երկրին ծառայեմ: Փորձում էի հետ պահել, ասում էի մնանք ստեղ, պատասխանում էր, ես էլ ինչ տղա եմ, որ չպիտի ծառայեմ»-պատմում է տիկին Թամարան:
Սարգսի մոր պատմելով՝ ինքը չի ընդդիմացել որդու որոշմանը եւ եկել են Հայաստան: Սարգիսը քիչ է ապրել Հրազդանում, բայց հասցրել է սիրել իր երկիրը եւ մորն ասել է, որ էլ երբեք չեն հեռանալու Հայաստանից: Անմիջապես անցել է ծառայության, սկզբից Մատաղիսում, հետո՝ Թալիշում.
«Երբեք չի դժգոհել ծառայությունից, շատ հանգիստ է անցել, ես երբեւէ չեմ լսել, որ ինքը զանգի ասի՝ էս ինչ բանը լավ չի, շատ փակ երեխա էր: Երբեք չի ցույց տվել, որ ինչ-որ բան է կատարվում, երեխան նենց էր անում, որ ես չզգայի: Արդեն մեկ ամիս էր մնացել, որ տուն գար: Ես չեմ լսել, որ ինքը ասի դժվար է»,-ասում է Սարգսի մայրիկը:
Ապրիլյան դեպքերի առաջին իսկ օրերից Սարգիսը դիրքերում է եղել: Ընկերները մայրիկին պատմել են, որ թեժ մարտերի պահին անգամ կատակներ է արել, խորհուրդներ տվել ընկերներին: Վիրավոր ընկերը պատմել է, որ Սարգիսն ասել է. «Տղերք, դեմս 20 հոգի են ու ես մենակ, ո՞վ կա սաղ»:
Մոր խոսքով, վերջին անգամ որդու հետ խոսել է 2016թ. ապրիլի 3-ին. «Վերջին հեռախոսազրույցը ունեցել եմ ապրիլի 3-ին, ժամը 11 30-ին, բայց մինչ այդ ամսի երկուսին ինքը զանգեց ու ասաց, որ գնամ մերոնց տուն, ոնց որ ուզեր ինձ շեղեր, էդ օրվանից իմ մեջ անհասկանալի անհանգստություն կար: Ասեցի՝ գնում եմ, ճանապարհին նորից զանգեց, թե մամ չես hասել ու առաջին անգամ ասաց, որ բոլորին շատ է կարոտել: Նա երբեք չէր ասել նման բան, ու ես էլ ավելի անհանգստացա: Գնացի մերոնց տուն ու էլի զանգեց, բոլորի հետ խոսեց: Էդ օրն ինձ ասաց՝ մամ, պապիկենց տանը մնա, քեզ սյուրպրիզ ունեմ անելու, էտտեղի հասցեն մենակ գիտեմ ու… էտ էր իր սյուրպրիզը: Վերջին անգա խոսեցի ապրիլի 3-ին ու վերջ…»:
Սարգիսը բանակում գնդացրորդ էր: Նա տան միակ տղան էր, ուներ իրենից մեծ քույր: Վերջինները բնակարան չեն ունեցել, եւ Սարգիսը երազել էր բնակարան գնել: Հիմա արդեն բնակարանը գնված է, բայց առանց Սարգսի: Տան մեջ նրա անկյունն է՝ մոր միակ սփոփանքը. «Երբ անկյունը տեսնում եմ, մտածում եմ, որ տղաս տանն է: Միայն սրանով եմ սփոփվում ու իմ թոռնիկներով, որոնցից հատկապես մեծին շատ եմ նմանացնում տղայիս»,-ասում է տիկին Թամարան:
Սարգիս Սահակյանը հետմահու պարգեւատրվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արիության համար» եւ «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի մեդալներով:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					