Հունիսի 30-ին կկայանա «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի և նրա հարսնացու Անտոնելա Ռոկուցոյի հարսանիքը:
«Sport.es»-ը հայտնում է, որ արգենտինացին իր բոլոր թիմակիցներին հրավիրել է հայրենի Ռոսարիո քաղաքում կայանալիք հարսանյաց արարողությանը:
Այդուհանդերձ, բոլորը չէ, որ կկարողանան մասնակցել Մեսսիի հարսանիքին: Օրինակ, Անդրես Ինիեստան արդեն բացատրել է նրան, որ չի կարողանա ներկա գտնվել արարողությանը:
Մեսսիի հարսանիքին հրավիրված են նաև «Բարսելոնայի» բոլոր աշխատակիցները, որոնք պատասխանատու են սարքավորումների համար, ինչպես նաև ֆիզիոթերապևտները, մերսողները և բժիշկները, որոնք աշխատում են առաջին թիմի հետ:
Հրավիրվածների թվում չեն թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և իր մարզչական շտաբը, ինչպես նաև «Բարսայի» ղեկավարության անդամները՝ ներառյալ ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեոուն:
Նշենք՝ ժամանակին կապտա-նռնագույնների նախկին ֆուտբոլիստ Չավին իր հարսանիքին ևս չէր հրավիրել ակումբի ղեկավար կազմին:
Այն ամենն, ինչ Մեսսին հյուրերի կողմից կստանա որպես նվեր, կուղղվի ֆուտբոլիստի բարեգործական հիմնադրամին: