Այսօր ՀՀ վաստակավոր երգահան, երաժիշտ և երաժշտական գործիչ Արա Գևորգյանը և երաժշտական գործիքների վարպետ Ալբերտ Զաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ համատեղ ստեղծել են նոր ազգային գործիք՝ բաս­քանոն տեխնիկական անվանումով:

Գործիքի երկրորդ անունը վարպետները կնքել են Ալվարդ՝ վարպետ Ալբերտի կնոջ անունով: Եվ, ինչպես իրենք ասացին, բոլոր գործիքներն էլ կոչվելու են կնոջ հայկական անուններով: Իսկ հաջորդ գործիքը կկոչվի առաջին պատվիրատուի կնոջ կան քրոջ անունով, և կրկին հայկական: «Մի քանի տարի առաջ ինձ մոտ ցանկություն առաջացավ 50 քանոններով երաժշտական գործիք ստեղծել, սակայն միշտ ինչ որ նոտա, ինչ որ հնչեղությունը պակասում էր: Եվ ես որոշեցի համակարգչի օգնությամբ օկտավա իջեցնել: Եվ արդյունքը շատ գոհացուցիչ էր: Ես շատ գոհ էի ինձնից: Աշխատանքն ավարտին հասցնելու համար ինձ շատ լավ վարպետի օգնությունն էր անհրաժեշտ: Եվ խորհուրդ տվեցին վարպետ Ալբերտին դիմել, ինչի համար ես շատ երջանիկ եմ, և ինձ համար մեծ պատիվ է նման մարդու հետ աշխատելը: Մի խոսքով՝ աշխատեցինք, և շատ լավ բան ստացվեց: Ստեղծեցինք մեր ազգային բաս գործիքը, ելնելով այն հանգամանքից, որ մեր օրերում բասոտ երաժշտություն ավելի ակտուալ է»,­պատմում է Արա Գևորգյանը: Նա նաև տեղեկացրեց, որ երկար փնտրտուքներից հետո համոզվել են, որ նման գործիք աշխարհում գոյություն չունի, որից հետո իրավաբանի միջնորդությամբ հաստատել են հեղինակային իրավունքերը, իսկ ավելի ուշ հեղինակային իրավունքները կպաշտպանի նաև ՅՈՒՆԵՍԿՕ­ն՝ ՀՀ Մշակույթի նախարարության գլխավորությամբ:

«Մեր համատեղ աշխատանքի արդյունքը տեսել է նաև ժողովրդական արտիստ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը, ով հիացած էր գործիքով: Մեզ համար շատ կարևոր է նման մեծ մարդու բարձր գնահատական ստանալը»,­ -ավելացրեց Գևորգյանը:

Մասնագետները գործիքը գնահատել են 1000, լարերը 600, իսկ մեկ տուփի արժեքը 144 ԱՄՆ դոլար:

«Այս գործի շնորհիվ մենք ունեցանք մեր ազգայինը, հետագայում կունենանք առանձին ժողգործիքների դպրոց, ինչը հնարավորություն կտա վերականգնել սերը ազգային գործիքների նկատմամբ, վարպետները կունենան իրենց աշակերտները, և բոլոր երեխաները միայն երգիչ չէ, որ կցանկանան դառնալ: Շատ կարևոր է մեր երկրում իրականացնել ժողգործիքների պրոպագանդան»,­ իր խոսքում նշում է երգահանը: Հյուրերը նաև պատմեցին, թե ինչպես են Սոչի քաղաքից ձեռք բերել անհրաժեշտ թխկի տեսակի փայտը, և ինչպես են 8 ամիս շարունակ երկար փնտրտուքներից հետո հասել իրենց նպատակին:

«Այժմ պատրաստվում ենք ստեղծել ևս երկու գործիք, որոնցից մեկը կտրամադրվի Թովմաս Պողոսյանի նվագախմբին, իսկ մյուսով կդասավանդենք Մանկավարժական համալսարանում»,­ հայտնեց Արա Գևորգյանը:
Ինչպես հայտնեցին հյուրերը, ազգային նոր երաժշտական գործիքի ներկայացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մոտավորապես 10 օրից: