Այսօր ՀՀ վաստակավոր երգահան, երաժիշտ և երաժշտական գործիչ Արա Գևորգյանը և երաժշտական գործիքների վարպետ Ալբերտ Զաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ համատեղ ստեղծել են նոր ազգային գործիք՝ բասքանոն տեխնիկական անվանումով:
Գործիքի երկրորդ անունը վարպետները կնքել են Ալվարդ՝ վարպետ Ալբերտի կնոջ անունով: Եվ, ինչպես իրենք ասացին, բոլոր գործիքներն էլ կոչվելու են կնոջ հայկական անուններով: Իսկ հաջորդ գործիքը կկոչվի առաջին պատվիրատուի կնոջ կան քրոջ անունով, և կրկին հայկական: «Մի քանի տարի առաջ ինձ մոտ ցանկություն առաջացավ 50 քանոններով երաժշտական գործիք ստեղծել, սակայն միշտ ինչ որ նոտա, ինչ որ հնչեղությունը պակասում էր: Եվ ես որոշեցի համակարգչի օգնությամբ օկտավա իջեցնել: Եվ արդյունքը շատ գոհացուցիչ էր: Ես շատ գոհ էի ինձնից: Աշխատանքն ավարտին հասցնելու համար ինձ շատ լավ վարպետի օգնությունն էր անհրաժեշտ: Եվ խորհուրդ տվեցին վարպետ Ալբերտին դիմել, ինչի համար ես շատ երջանիկ եմ, և ինձ համար մեծ պատիվ է նման մարդու հետ աշխատելը: Մի խոսքով՝ աշխատեցինք, և շատ լավ բան ստացվեց: Ստեղծեցինք մեր ազգային բաս գործիքը, ելնելով այն հանգամանքից, որ մեր օրերում բասոտ երաժշտություն ավելի ակտուալ է»,պատմում է Արա Գևորգյանը: Նա նաև տեղեկացրեց, որ երկար փնտրտուքներից հետո համոզվել են, որ նման գործիք աշխարհում գոյություն չունի, որից հետո իրավաբանի միջնորդությամբ հաստատել են հեղինակային իրավունքերը, իսկ ավելի ուշ հեղինակային իրավունքները կպաշտպանի նաև ՅՈՒՆԵՍԿՕն՝ ՀՀ Մշակույթի նախարարության գլխավորությամբ:
«Մեր համատեղ աշխատանքի արդյունքը տեսել է նաև ժողովրդական արտիստ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը, ով հիացած էր գործիքով: Մեզ համար շատ կարևոր է նման մեծ մարդու բարձր գնահատական ստանալը», -ավելացրեց Գևորգյանը:
Մասնագետները գործիքը գնահատել են 1000, լարերը 600, իսկ մեկ տուփի արժեքը 144 ԱՄՆ դոլար:
«Այս գործի շնորհիվ մենք ունեցանք մեր ազգայինը, հետագայում կունենանք առանձին ժողգործիքների դպրոց, ինչը հնարավորություն կտա վերականգնել սերը ազգային գործիքների նկատմամբ, վարպետները կունենան իրենց աշակերտները, և բոլոր երեխաները միայն երգիչ չէ, որ կցանկանան դառնալ: Շատ կարևոր է մեր երկրում իրականացնել ժողգործիքների պրոպագանդան», իր խոսքում նշում է երգահանը: Հյուրերը նաև պատմեցին, թե ինչպես են Սոչի քաղաքից ձեռք բերել անհրաժեշտ թխկի տեսակի փայտը, և ինչպես են 8 ամիս շարունակ երկար փնտրտուքներից հետո հասել իրենց նպատակին:
«Այժմ պատրաստվում ենք ստեղծել ևս երկու գործիք, որոնցից մեկը կտրամադրվի Թովմաս Պողոսյանի նվագախմբին, իսկ մյուսով կդասավանդենք Մանկավարժական համալսարանում», հայտնեց Արա Գևորգյանը:
Ինչպես հայտնեցին հյուրերը, ազգային նոր երաժշտական գործիքի ներկայացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մոտավորապես 10 օրից: