Hraparak.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատական նիստը անցկացնում է պարբերաբար ընդմիջումներով․ յուրաքանչյուր ընդմիջումն էլ տեւում է մեկ ժամ։
Ընդմիջումից հետո Ժիրայը Սեֆիլյանը ներկաներին հարցրեց՝ Կոմանդոսը ո՞ղջ է, ներկաներն էլ տվեցին դրական պատասխան։

Երբ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եկավ դատական նիստերի դահլիճ, ամբաստանյալներ Ներսես Պողոսյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը կրկին ոտքի չկանգնեցին։ Դատավորը նրանց նկատմամբ կիրառեց սանկիցա՝ հեռացնելով դատական նիստերի դահլիճից 10 ժամով։ Ժիրայր Սեֆիլյանը փորձեց պարզաբանել, թե իրենք ինչու ոտքի չեն կանգնում, սակայն դատավորը չլսեց նրա խոսքը, Սեֆիլյանն էլ ասաց․ «Մեր իրավունքին ոչ ոք չի կարող բռնանալ»։

Քանի որ փաստաբան Տիգրան Եգորյանը առանց դատարանին զգուշացնելու հեռացել էր դատական նիստերի դահլիճից, դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշելու՝ ինչ սանկցիա է կիրառում նրա նկատմամբ։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ընթացքում փաստաբանների միջնորդությամբ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Ներսես Պողոսյանը բերվեցին դատական նիստերի դահլիճ, քանի որ նախորդ նիստի ժամանակ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար հեռացվել էին դահլիճից։ Ոտքի չկանգնելու համար նրանք արդեն մեկ անգամ նախազգուշացվել էին դատավորի կողմից, երկրորդ անգամ նույնը կրկնելով՝ դատավորը հեռացրեց նրանց նիստերի դահլիճից։

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am