Հայրը մահացել է սրտի կաթվածից` Անապայում փորձելով փրկել խեղդվող դստերը, հայտնում է Bloknot-krasnodar.ru-ն:

Անապայում, հուլիսի 8-ին ողբերգական միջադեպի սարսափելի մանրամասներ են հայտնի դարձել, որի հետեւանքով մահացել էին մի տղամարդ եւ նրա 5-ամյա երեխան: Ազգականներին վրդովվեցրել է տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական վարկածը, որը տարածվել է լրատվամիջոցներում: Պարբերականին է դիմել զոհված տղամարդու քենին` Թերեզան:

«Փեսաս, նրա 2 երեխաները` Դիանան եւ Դավիթը, 2 դեռահաս եւ եւս մեկ երեխա, նրանց բոլորին թույլ են տվել բարձրանալ մեկ կատամարանի վրա: Նրանց բաճկոններ չեն տվել, չնայած մշտապես տալիս էին: Նրանց ծով են բաց թողել, որի ջրի ջերմաստիճանը 15 աստիճան էր: Նրանք ավելի ու ավելի հեռու են քշվել, փրկրարաներից ոչ մեկը նրանց չի հետեւել»,- պատմել է Թերեզան:

Զոհվածներից մեկի կնոջ եւ մյուսի մոր հարազատ քրոջ խոսքով` տրամադրած կատամարանը բլրակ ուներ: Փոքրիկ Դավիթը դրա վրայով սահում էր ջրի մեջ, որտեղ որդուն բռնում էր հայրը: Զվարճանալու պահին կատամարանի մյուս կողմից ծովն է նետվել նաեւ Դիանան:

«Գարիկը ջրից հանել է որդուն, լողալով հասել դստերը, սակայն նա արդեն չկար: Նա մի քանի անգամ սուզվել է ջրի մեջ, սակայն նրան չի գտել: Նա օգնություն է կանչել: Բոլորը բղավում էին, ձեռքերը թափահարում` փորձելով գրավել ափին գտնվողների ուշադրությունը, բայց բոլորի համար միեւնույն էր: Նա մահացել է սարսափից եւ խուճապից: Նրա սիրտը պայթել է այն պատճառով, որ չի կարողացել աղջկան գտնել: Նա այնքան չէր սիրում ծովը, ջրից այնպես էր վախենում, արդյունքում ծովը որոշեց նրան վերցնել...Նա այնպիսի սարսափի մեջ էր, երբ չկարողացավ իր դստերը գտնել...Նույնիսկ պատկերացնելն է ցավալի, այդ պահին նա ինչի մասին ասես չէր մտածում»,- պատմում է Թերեզան:

Թերեզայի խոսքով` կատամարանում մնացած երեքը, որոնք ժամանել էին Հայաստանից, լողալ չգիտեին: Նրանք առաջին անգամ էին ծով դուրս եկել:

« Տղան, ով 18 տարեկան է, այնուամենայնիվ, նետվել է փոքրիկի հետեւից: Նա աղջկան պահել է, որքան կարողացել է, մինչեւ ինքն էլ է սկսել խեղդվել: Չի դիմացել, բաց է թողել»,- «Բլոկնոտին» պատմել է Թերեզան:

Ափից ժամանած օգնական ուժը վերցրել է միայն 4 տարեկան երեխային եւ 15 տարեկան աղջկան: Կատամարանում մնացած երկուսը ստիպված են եղել ինքնուրույն ափ հասնել, պատմել են ազգականները:

«Փրկարարները դուրս են բերել նաեւ Գարիկի մարմինը, նետել են ուղղակի ափին: Մեր փոքրիկը մեն-մենակ է նստել իր հայրիկի դիակի կողքին, փորձել է տաքացնել, մինչեւ եկել են ազգականները: Շրջապատում բոլորի համար միեւնույն էր: Դստերը ԱԻ ծառայությունում չեն ցանկացել որոնել: Ասացին հավանականություն չկա: Նրանց ստիպեցին, գտան 4 ժամ անց: Շտապօգնություն չեկավ: Ասացին` ինչու շտապել, երբ նրանք արդեն ջրահեղձ են եղել: Քույրս` Լիլիթը, դստերն իր ձեռքեր վրա է տարել դիահերձարան: Դուք կարո՞ղ եք նման բան պատկերացնել:

Եթե կատամարանին ժամանակին հետեւեին, կնկատեին, թե ինչպես են օգնություն կանչում: Այդքան մարդու ծով բաց չէին թողնի: Այդ օրը լողալն արգելված էր: Ստորգետնյա հոսանքներ կային: Ոչ մեկը նրանց այս մասին չի ասել»,- պատմում է Թերեզան:

Մինչդեռ ընտանիքի հորը եւ փոքրիկ աղջկան կարող էին փրկել, վստահ են Թերեզան եւ ամբողջ ընտանիքը: