Երեւանում ծնված հնգյակի 4-րդ երեխան՝ Աննան մահացել է: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից՝ նշելով, որ երեխան մահացել է մոտ 2 շաբաթ առաջ:

Հիշեցնենք, որ անկախ Հայաստանում առաջին անգամ հնգյակ՝ 4 աղջիկ եւ մեկ տղա է ծնվել մայիսի 3-ին, «Էրեբունի» ԲԿ-ում: Երեխաները խորը անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են՝ 600, 820, 840, 840 եւ 880 գրամ:

Մայիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հնգյակի երեխաներից մեկը՝ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջիկը մահացել է. մահվան պատճառը ուղեղում արյան զեղումն էր: Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով ծնված աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» ԲԿ-ում: Տղան, որը նույնպես գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վերակենդանացման բաժանմունքում, մահացել է մայիսի 14-ին:

68 օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո փոքրիկ Ռոզին դուրս է գրվել մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից: