Նախորդ տարվա հուլիսի հայտնի դեպքերի պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, համապատասխան փաստերն ու ապացույցները նրանց դեմ են: Այս մասին այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է:
“Պիտի լինի հանցակազմ, որպեսզի որևէ մեկին առաջադրեն մեղադրանք: Մեղադրական եզրակացության մեջ հանցակազմը բացակայում է: Ես եկել եմ այստեղ, որ ես մեղադրեմ, ոչ թե առարկեմ ինձ ներկայացված մեղադրանքին: Պետք է հանրությունն իմանա հուլիսյան իրադարձությունների և պատճառները, և գլխավոր պատասխանատուներին ու մեղավորներին: Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար՝ Հայաստանի իշխանությունները: Համապատասխան փաստերն ու ապացույցները նրանց դեմ են”,- ասաց Ղուկասյանը:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում է Անդրիաս Ղուկասյանի գործի քննությունը: Այս գործով կա մեկ ամբաստանյալ՝ Անդրիաս Ղուկասյանը ու 36 տուժող, ովքեր ոստիկաններ են:
Ըստ մեղադրանքի՝ նախորդ տարվա հուլիսի 29-ին Սարի թաղի հայտնի դեպքերի ժամանակ Անդրիաս Ղուկասյանը զանգվածային անկարգությունների կոչ է արել քաղաքացիներին, ցուցարարներն էլ քարերով հարվածել են ոստիկաններին: Դրա հետևանքով, ըստ մեղադրանքի, տուժել է 36 ոստիկան:
Բացի այդ, Ղուկասյանին նաև մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա Ազատության հրապարակից երթով դեպի Սարի թաղ շարժվելով՝ նպատակ է ունեցել միանալ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին։
Անդրիաս Ղուկասյանն իր հերթին անհիմն է համարում այս մեղադրանքը և ծաղրել էր՝ ասելով՝ թե միայն մեծ ճակատամարտի ժամանակ այդքան ոստիկան կարող էր տուժել:


