Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոկտեմբերի 6-ի իրադարձությունների քրոնիկոնը:
Ընկերական հանդիպում. «Փյունիկ» 2-1 «Արցախ». փյունիկցիներից դուբլի հեղինակ է դարձել Կարեն Խատուևը, իսկ հյուրերից 11-մետրանոց նշակետից դիպուկ է գտնվել Արմեն Դուրունցը:
«Փյունիկի» կազմում այս հանդիպմանը մասնակցել է Կառլեն Մկրտչյանը, ով խաղադաշտ է դուրս եկել երկարատև դադարից հետո:
28-ամյա ֆուտբոլիստը, ով երևանյան ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր էր կնքել օգոստոսին, այդ մրցավեճում կրել է «Փյունիկի» ավագի թևկապը:
Հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում տեղի է ունենալու Ղազախստան – Հայաստան ընտրական հանդիպումը: Խաղը սպասարկելու է Մոլդովայի մրցավարական անձնակազմը՝ Ալեքսանդրու Տյանի գլխավորությամբ: Օգնականներն են Անդրեյ Բոդյանը և Վիկտոր Մարդարին, 4-րդ պաշտոնյան՝ Վյաչեսլավ Բանարին, ՖԻՖԱ-ի պատվիրակը՝ Պաոլո Ռոնդելին (Սան Մարինո), մրցավարների տեսուչը՝ Ռուսմիր Մրկովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):
Ռոբերտ Արզումանյան. «Հայաստանի հավաքականն այս պահին ուժեղ չէ Դանիայից, Լեհաստանից և մյուս մրցակիցներից, ուստի Ղազախստանին պարտվելն էլ առանձնապես աղետ չի լինի: Եթե նպատակ է դրվում դուրս գալ աշխարհի առաջնություն, և դա չի ստացվում, նշանակում է՝ արդեն ձախողում է: Սակայն, անկախ ամենից, երկրպագուներն ամեն պարտություն ծանր են տանում»:
Ռոբերտ Արզումանյան. «Պետք է ամենին իրատեսորեն նայել:
Գլխավորը հասկանալն է, որ թիմը ցուցադրում է իր առավելագույնը, որպեսզի ֆուտբոլիստը շրջափուլից հետո ասի. «Ես արեցի ամենը, ինչն իմ ուժերի սահմաններում էր»: Եթե մենք պարտվենք Ղազախստանին, չեմ կարծում, թե դա ողբերգություն կհամարվի, քանի որ Ղազախստանի առաջնությունն ուժեղ է Հայաստանի լիգայից, և խաղացողների ընտրությունն էլ ավելի մեծ է»: