«Անթալյասպորի» կիսապաշտպան Սամիր Նասրին «Canal +»-ի եթերում հայտնել է, որ իր կարծիքով ֆուտբոլային աշխարհը լի է երկերեսանիներով:

30-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը պատմել է, որ երբ ինքը 12 օր հիվանդ է եղել մենինգիտով, ոչ ոք իրեն չի աջակցել և իր կողքին չի եղել.

«Անկասկած, ֆուտբոլը երկերեսանիների աշխարհ է: Բայց ես կարող եմ նայել ինքս ինձ հայելու մեջ: Որոշ մարդիկ կարող են ասել, որ ես գոռոզ եմ և հպարտ, բայց ես անկեղծ եմ: Եթե դուք ինձ դուր եք գալիս, ուրեմն ամեն ինչ կարգին է, եթե ես ձեզ դուր չեմ գալիս, դարձյալ ամեն ինչ կարգին է: Բայց, գոնե, դուք գիտեք այդ մասին: Նախկինում ես մտածում էի, որ ամեն ինչ իդեալական է, բայց դա այդպես չէ:

«Մարսելում» անցկացրած վերջին տարում ես 12 օր գտնվել եմ հիվանդանոցում, հիվանդ էի մենինգիտով (Մենինգիտը գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների թարախային կամ շճային բորբոքումն է, որն առաջանում է բակտերիաների, վիրուսների և այլ պատճառների ազդեցության հետևանքով):

Այդ ժամանակ ես տեսա մարդկանց մյուս կողմը: Երբ ես Մարսելի փոքրիկ իշխանն էի, խաղում էի հավաքականում, բոլորը կողքիս էին, բայց երբ 12 օր հիվանդացա, երբ կարող էի մահանալ, ոչ ոք չկար: Այդ ժամանակ ես հասկացա, թե ամեն ինչ ինչպես է իրականում:

Լրագրողների հետ էլ է նույն պատմությունը: Մարդիկ սկսեցին խոսել, թե ես գոռոզ եմ դարձել: Այդ իսկ պատճառով ես այդ ժամանակից ի վեր փոխվեցի և որոշեցի դառնալ այնպիսին, ինչպիսին հիմա եմ` անկեղծ. ասում եմ այն, ինչ տեսնում եմ: Եթե ձեզ դա դուր է գալիս, հիանալի է, իսկ եթե ոչ` վատ է»,- Նասրիի խոսքերն է փոխանցում «Get Football News France»-ը: