«Աթլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին` նշելով, որ մեկը մեկի դեմ խաղում նա գրեթե անպարտելի է.
«Մեսսիին առանց կանոնների խախտման կանգնեցնելն անհնար է:
Երբ նա փորձում է մեկը մեկի դեմ խաղալ, ես 20 անգամից միայն մեկ դեպքում կարող եմ նրանից խլել գնդակն` առանց կանոնները խախտելու: Նրա դեմ այլ միջոցներ են պետք:
Մեսսին այնքան լավն է, որ կարող է հաղթել Իսպանիայի առաջնությունում նաև միջակ թիմի հետ, չնայած` դա այդքան էլ այդպես չէ:
Նրա շնորհիվ «Բարսելոնան» վերջին տարիներին հաջողությունների է հասել` չնայած նրան, որ ակումբում շատ են տեղի ունեցել սկանդալներ: Մեսսին այնքան լավն է, որ «Բարսելոնան» հաղթում է` անկախ ամեն ինչից»,- Լուիսի խոսքերն է փոխանցում «El Mundo»-ն:
32-ամյա բրազիլացի պաշտպանը խոսել է նաև Մեսսի-Ռոնալդու դիմակայության մասին` նշելով, որ նրանք բոլորովին այլ մակարդակի խաղացողներ են.
«Երբ Մեսսին և Ռոնալդուն մրցաշրջանի ընթացքում 50-ական գոլ են խփում, մարդիկ դրանում մեղադրում են պաշտպաններին: Սակայն մյուսներն այդքան գոլեր չեն խփում, իսկ պաշտպանները նույնն են: Մյուսների համար գոլ խփելը դժվար է, իսկ նրանց մոտ դա շատ հեշտ է ստացվում: Մեսսին և Ռոնալդուն բոլորովին այլ մակարդակի խաղացողներ են»,- ասել է Լուիսը:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Աթլետիկոն» վաղը` հոկտեմբերի 14-ին, սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»: Հանդիպումը կմեկնարկի ժամը 22:45-ին: