Կիսապաշտպան Մարկո Վերատին պատմել է, որ մտածել է հեռանալու մասին, բայց փարիզյան ակումբի նոր մարզական տնօրեն Անտերո Էնրիկեի հետ զրույցից հետո որոշել է մնալ.
«Ես անկեղծ եմ, 5 տարվա մեջ առաջին անգամ մտածել եմ` արդյոք պե՞տք է մնամ այստեղ, թե՞` ոչ: Մարդիկ կարծում են, որ ես ՊՍԺ-ում եմ փողերի համար, բայց ես գումար կարող եմ վաստակել նաև այլ տեղում:
Ակումբներ կային, որոնք պատրաստ էին ինձ համար 100 մլն եվրո վճարել, և ես կարող էի ավելի շատ վաստակել: Նեյմարը նույնքան կարող էր վաստակել նաև «Մանչեսթեր Սիթիում» կամ «Չելսիում», նա այստեղ չի եկել գումարի համար, այլ` նախագծի համար: Նույնն էլ իմ դեպքում է:
Ամռանը շատ բաներ կատարվեցին, որոնք ինձ դուր չէին գալիս, սա վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր ներկայացնում են իմ շահերը: Նրանք մտածում էին իրենց մասին, ոչ թե իմ: Ես ՊՍԺ-ին երբեք չեմ ասել` «Ես ցանկանում եմ հեռանալ»: Միակ բանը, որ ես արել եմ` ղեկավարությանը որոշ անհասկանալի բաներ բացատրելն է:
Նախորդ մրցաշրջանում մեզ համար բարդ ժամանակներ են եղել: Ես վստահ չէի, որ մենք այն թիմն ենք, որը ցանկանում է հաղթել ամեն ինչ և ունի մեծ նպատակներ: Երբ ակումբ եկավ նոր մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն, ես կրճատեցի արձակուրդս, որպեսզի խոսեմ նրա հետ: Նրա հետ հենց առաջին իսկ զրույցից հետո ես ասացի. «Լավ, ես մնում եմ այստեղ»:
Չմնացի այն պատճառով, որ Նեյմարն ու Մբապեն տեղափոխվեցին ՊՍԺ: Այդ ժամանակ ես նույնիսկ չգիտեի, որ դա տեղի կունենա»,- 24-ամյա իտալացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը: