Ամրոցի փլատակները, որը հավանաբար կառուցվել է մոտ 3000 տարի առաջ Ուրարտու պետության ժամանակներում, հայտնաբերվել են Թուրքիայի արեւելքում Վանա լճի հատակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ կառույցը, որը ավելի քան 10 մետր խորությամբ զբաղեցնում է մոտ 1 քառակուսի կմ մակերես, ջրասույզ է եղել վերջին հարյուրամյակներում լճի ջրի մակարդակի 150 մետրով բարձրանալու պատճառով: Ստորջրյա հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է նաեւ առյուծի քարե արձան: Տեղական իշխանություններն ակնկալում են, որ գտածոն կգրավի հնագետների եւ զբոսաշրջիկների ուշադրությունը:
Ուրարտուն Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 9-6-րդ դարերի պետություն է, որն իր հզորության շրջանում զբաղեցրել է ամբողջ Հայկական լեռնաշխարհը: