Նախորդ մեկ ամսվա կտրվածքով կարագի գինը համեմատաբար կայուն է. սկսած հոկտեմբերի կեսերից գնային որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը՝ անդրադառնալով կարագի գների բարձրացմանը:
Նրա խոսքով, ամռան ամիսներին, պայմանավորված Նոր Զելանդական կարագի միջազգային գնի էական բարձրացմամբ (2016 թվականի հուլիսին 1 տոննա նորզելանդական կարագի վաճառքի գինը կազմել է 2 758 դոլար, իսկ 2017 թվականի հուլիսին այն կազմել է 5 890 դոլար) գնային բարձրացումներ են արձանագրվել նաեւ տեղական շուկայում, ինչի հետ կապված Հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքները եղել են հրապարակային:
«Մեկ կգ նորզելանդական կարագի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի օգոստոս-սեպտեմբերին (հաշվի առնելով ժամանակային լագը) կազմել է մոտ 3000 դրամ, իսկ 2017 թվականի օգոստոս-սեպտեմբերից սկսած 1 կիլոգրամի գինը հասել է 4500 դրամի: Սակայն ուզում եմ շեշտել, որ խոսքը վերաբերում է բացառապես Նոր զելանդական կարագին, քանի որ շուկայում առկա է նաեւ ավելի ցածր գնային սահմանում գտնվող կարագի տեսակներ»,-ասաց Գայանե Սահակյանը:
«Նոր գնային բարձրացման վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները հիմնավոր չեն»,-ընդգծեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայկական ժամանակ» թերթն այսօր գրել էր. «Հայաստանում վաճառվող կարագը թանկացման ռեկորդային աճ է գրանցում: «Հայկական ժամանակ»-ի այսօր կատարած դիտարկման արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի փոքր կենտրոնի սուպերմարկետներում 1 կիլոգրամ կարագը թանկացել է շուրջ 550 դրամով: Եթե հոկտեմբերի 2-ի դրությամբ արձանագրել էինք, որ «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամն արժեր 3940 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագինը՝ 3980 դրամ, ապա այսօր «Նորզելանդական» կարագը վաճառվում էր 4490 դրամով, իսկ «Անքոր»-ը՝ 4450 դրամով: Այսինքն, կարագի գինը թանկացել է շուրջ 14 տոկոսով:
Ավելի վաղ գրել էինք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ-ի մեկ կիլոգրամ կարագը Երեւանում արժեցել է 3860 դրամ»: