Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է ամռանը հեռանալ իր ներկայիս ակումբից, հայտնում է «AS»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի ֆուտբոլիստն այս մասին հայտնել է իր թիմակիցներից ոմանց:
Ռոնալդուի համար առաջնային տարբերակը կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» շարունակելն է, որտեղից նա 2009 թվականին տեղափոխվել է «Արքայական ակումբ»:
Անգլիական գրանդում, որի կազմում նա նվաճել է իր առաջին «Ոսկե Գնդակը», արդեն գիտեն Ռոնալդուի ցանկության մասին:
Ֆուտբոլիստի այս դիրոքորոշումը պայմանավորված է նրանով, որ Ռոնալդուն իրեն միանգամայն խաբված է զգում «Ռեալում»: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գարնանը խոստացել էր բարելավել պայմանագրի ֆինանսական պայմանները, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն գոհ չէ նրանից, որ ավելի քիչ է վաստակում, քան մի քանի այլ ֆուտբոլիստներ: Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը տարեկան 21 մլն եվրո է վաստակում, բայց ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում միայն 5-րդն է: Օրինակ, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին տարեկան 50 մլն եվրո է վաստակում, մինչդեռ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տարեկան եկամուտը կազմում է 36 մլն եվրո:
Հիշեցնենք` Ռոնալդուի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը: