Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունվարի 24-ի նիստի օրակարգում է «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը օտարելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը:
Նախագծով պետք է համաձայնություն տրվի «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 99.99 տոկոս բաժնետոմսերը վերջինիս միակ բաժնետեր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության 99.99 տոկոս բաժնետեր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ մնացած 0.01 տոկոս բաժնետոմսերը՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության մյուս բաժնետերեր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլյևին հավասարաչափ օտարելուն:
Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով էլ համաձայնություն կտրվի Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլյևին օտարված «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանն օտարելուն:
Արդյունքում` «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը կանցնեն ներկայում դրա միակ բաժնետեր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության 99.99 տոկոս բաժնետեր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը:
Տեղեկացնենք, որ Արամայո Ինվեսթմենթ Լիմիթիդ ընկերությունը գրանցված է Կիպրոսի Նիկոսիա քաղաքում: Ընկերության տնօրեններից մեկը, ըստ բաց տեղեկատվության, Պավել Մաշարովն է: Կիպրոսի ընկերությունների գրանցման դեպարտամենտի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ընկերությունը գրանցվել է 2015 թվականի դեկտեմբերի 3-ին:


Նյութի աղբյուրը՝ Lragir.am