«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամանորից հետո` հունվարի 1-ին, Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել գնաճի թեմայով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խորհրդակցությունը անցկացնելու առիթը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ստուգումներն են եղել:
Մեզ հայտնի դարձավ, որ նախատոնական շրջանում վերահսկողական ծառայության աչքի տակ են եղել հիմնականում կարագի, շաքարավազի, մսամթերքի, այդ թվում` թռչնամսի և ձվի շուկաները:
Վերահսկողության ընթացքում հիմնականում կարագի և շաքարավազի շուկաներում գների բարձրացումներ են նկատվել, ինչն էլ առիթ է տվել, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրի:
Նկատենք, որ այդ խորհրդակցությունից հետո և՛ կարագի, և՛ շաքարավազի շուկաներում գները փոքր-ինչ նվազել են: Արդյոք այդ նվազման մեջ դեր ունեցել է Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը, վաղ է ասել, քանի որ գնանկում արձանագրվել է կարագի և շաքարավազի միջազգային շուկաներում:
«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ փորձեց կապ հաստատել նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ, սակայն ապարդյուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: