«Շատ է  խոսվում  դեղերի թանկացման  մասին, սակայն դա չի կրում  համատարած  բնույթ»- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի  դեղարտադրողների և ներմուծողների  միության  նախագահ  Սամվել Զաքարյանը: Նա նաև ավելացրեց, որ դեղերի թանկացումը կրում է սեզոնային բնույթ և կապված է տվյալ շրջանում կոնկրետ  դեղամիջոցների  պահանջարկի ավելացման հետ:

«Երբ ավելանում է  պահանջարկը, թանկանում է նաև  դեղերի  որոշակի խմբերի գները», -  պարզաբանեց նա:

Ս. Զաքարյանի խոսքերով, դեղերի առանձին խմբերի թանկացումները կազմել են 3-4%, որը, սակայն չի անդրադարձել դրանց  մյուս տեսակների վրա: Լրագրողի  այն հարցին, թե ինչի հետ է կապված  նույն դեղի տարբեր գները դեղատներում, այնն էլ շատ մեծ տարբերությամբ, միության նախագահը պարզաբանեց, որ  դեղերի իրենց հարմար գները որոշում են հենց  դեղատները, այլ ոչ թե որևէ այլ կառույց: «Մենք միտք չունենք խառնվելու որևէ մեկի բիզնեսին», - եզրափակեց Ս. Զաքարյանը: