«Շատ է խոսվում դեղերի թանկացման մասին, սակայն դա չի կրում համատարած բնույթ»- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նա նաև ավելացրեց, որ դեղերի թանկացումը կրում է սեզոնային բնույթ և կապված է տվյալ շրջանում կոնկրետ դեղամիջոցների պահանջարկի ավելացման հետ:
«Երբ ավելանում է պահանջարկը, թանկանում է նաև դեղերի որոշակի խմբերի գները», - պարզաբանեց նա:
Ս. Զաքարյանի խոսքերով, դեղերի առանձին խմբերի թանկացումները կազմել են 3-4%, որը, սակայն չի անդրադարձել դրանց մյուս տեսակների վրա: Լրագրողի այն հարցին, թե ինչի հետ է կապված նույն դեղի տարբեր գները դեղատներում, այնն էլ շատ մեծ տարբերությամբ, միության նախագահը պարզաբանեց, որ դեղերի իրենց հարմար գները որոշում են հենց դեղատները, այլ ոչ թե որևէ այլ կառույց: «Մենք միտք չունենք խառնվելու որևէ մեկի բիզնեսին», - եզրափակեց Ս. Զաքարյանը: