Lragir.am-ը գրում է.

Հայաստանում բժշկությունը «հեղափոխական» վերափոխությունների փուլում է: Տեղի է ունենում առողջապահության վրա դրված սոցիալական գործառույթի լիակատար մոնետիզացիա, որը կարող է սոցիալական «դեֆեկտի» հանգեցնել:
Հաստատվել է այն դեղերի ցանկը, որոնք հնարավոր չի լինի ձեռք բերել դեղատներում առանց բժշկի դեղատոմսի: Ընդ որում, ինչպես նշում են մասնագետները, ցանկում ընդգրկված են դեղեր, որոնք օգտագործվում են շտապ օգնության ժամանակ, օրինակ, սրտի նոպայի կամ ճնշման, ջերմաստիճանի բարձրանալու ժամանակ: Այսինքն, այսուհետ մարդը տնային պայմաններում չի կարողանա իրեն ու իր հարազատներին օգնություն ցույց տալ, որը մինչեւ այժմ հաջողությամբ անում էր:
Փորձագետներն ասում են, որ անդեղատոմս դեղերի արգելումը մի քանի նպատակ ունի՝ մարդկանց հեռու պահել ինքնաբուժությունից, նրանց պոլիկլինիկաներ ուղարկել եւ բժիշկների համար աշխատանք ապահովել:
Իրականում այս երեք նպատակներն են շատ վիճելի են: Առաջին հերթին, ոչ ոք չի ապացուցել, որ ինքնաբուժությունից վնասն ավելի է, քան օգուտը: Հարյուրավոր մարդիկ հաջողությամբ բուժվում ու իրենց երեխաներին բուժում են սովորական դեղերով, որոնք նշանակել են նույն բժիշկները:
Երկրորդ, մարդկանց պոլիկլինիկա ուղարկելով նախարարությունը բուժանձնակազմին ծանրաբեռնում է ավելորդ աշխատանքով՝ չբարձրացնելով աշխատավարձերը: Պոլիկլինիկաների բուժանձնակազմին ծիծաղելի աշխատավարձեր են վճարում՝ նվազագույն աշխատավարձի չափով: Բուժանձնակազմը դա ընկալում է որպես «այլ ճանապարհով» աշխատելու թույլտվություն: Այսինքն, պոլիկլինիկաներում աշխատանքի ծավալի ավելացումն առանց աշխատավարձի բարձրացման միայն կբարձրացնի կոռուպցիոն ռիսկերը:
Երրորդ, եթե օրենքն ուղղված է բժիշկների համար աշխատանքի ճակատ ապահովելուն, ապա ամենեւին էլ տեղին չէ, որովհետեւ պոլիկլինիկաներում բժիշկներն առանց այդ էլ շատ ծանրաբեռնված են: Առավել եւս, որ պոլիկլինիկայում բժշկին այցելությունն անվճար է, եւ բժիշկը միայն տուժելու է այս օրենքից: Նա ավելի շատ է աշխատելու, սակայն աշխատավարձը նույնն է մնալու:
Այս օրենքն իրականում շատ ձեռնտու է բժշկության ոլորտի այն մասին, որը ոչ թե պրոֆեսիոնալ ծառայություններ է մատուցում, այլ սպասարկում է: Խոսքը դեղատների, ախտորոշիչ կենտրոնների եւ լաբորատորիաների մասին է: Դրանք այն ինստիտուտներն են, որտեղ այժմ կապիտալիզացվում է բժշկությունը, որտեղ պտտվում են հիմնական փողերը, եւ որոնց օրենքը լրացուցիչ շահույթով կապահովի:
Սա լայն հնարավորություն է բացում արդեն ձեւավորված կոռուպցիոն սխեմաների զարգացման համար, երբ դեղատների, ախտորոշիչ կենտրոնների եւ լաբորատորիաների ներկայացուցիչները հանցավոր պայմանավորվածության մեջ են մտնում բժիշկների կամ էլ պոլիկլինիկաների ղեկավարության հետ: Այդ պայմանավորվածության արդյունքում բժիշկը սովորական դեղատոմս տալու համար կարող է հաճախորդին անպետք անալիզներ, ախտորոշում կամ էլ թանկարժեք դեղեր նշանակել: Արդյունքում հաճախորդն իր առողջության վրա ավելի շատ փող կծախսի, բայց չի ստանա համարժեք սոցիալական էֆեկտ:
Բժիշկները, իհարկե, նույնպես կարող են շահույթ ստանալ այդ սխեմաներից, սակայն հիմնականում հենց պոլիկլինիկաների բժիշկներն են ամենից աննպաստ վիճակում հայտնվելու: Նրանք ավելի շատ են աշխատելու, ստանալու են նույն գրոշները, սակայն եկամուտ են ստանալու դեղատների, ախտորոշիչ կենտրոնների եւ լաբորատորիաների տերերը: Իսկ եթե պոլիկլինիկայի բժիշկը բարի ու խղճով մարդ լինի, պայմանավորվածության մեջ չի մտնի, հետեւաբար կոռուպցիոն եկամուտներ չի ունենա:
Մնում է միայն պարզել, թե ում են պատկանում դեղատնային ցանցերը, նոր լաբորատորիաները եւ ախտորոշիչ կենտրոնները, որոնց համար ընդունվել է օրենքը: Հավանաբար վրդովված բժիշկները փորձում են պարզել դա: Նրանք 10 տարի չեն սովորել, որ թույլ տան ուրիշներին փող աշխատել հաճախորդի առողջության հաշվին:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am