Ես այցելել եմ Վանձորի հիվանդանոցներ, և պարզել, որ եթե ինտերնետ հասանելիություն կա, համակարգը ծանրաբեռնված չէ, բժիշկն էլ համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ ունի, մեկ էլեկտրոնային դեղատոմս գրելու համար միջինում 7-8 րոպե է պահանջվում: Բացի այդ, բժիշկները նույն դեղատոմսի թղթային տարբերկանն են գրում հիվանդին տալու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ դիմելով Առողջապահության նախարարին, և հիշեցնելով, որ վերջինս ասել էր, թե էլեկտորանային դեղատոմս գրելու համար 2-3 րոպե է անհրաժեշտ:

«Թղթային դեղատոմս գրելը կրկնակի ջանք և ժամանակ էր պահանջում: Դեղատոմսից բացի նաև մատյանում էինք լրացնում, թե ինչ դեղատոմս ենք գրել: Էլեկտրոնային դեղատոմսի պարագայում որոշակի տվյալներ ավտոմատ գեներացվում են: Էլեկտրոնային դեղատոմսի լրացումը 2-3 րոպե է տևում, որոշակի հմտությունների բացակայության դեպքում կարող է 7-8 րոպե տևել»,-արձագանքեց Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դեպքում, ամեն ամիս նույն տվյալները ներբեռնելու կարիք չկա, բժշկից ընդամենը 1 րոպե է պահանջվում, որպեսզի կրկին հաստատի դեղատոմսը: Ինչ վերաբերում է բուժառուներին թղթային դեղատոմս տալուն, նախարարն ասաց, որ չի հասկանում դրա իմաստը, և եթե բուժառուն ցանկանում է նաև թղթային դեղատոմս ունենալ, ապա բժիշկը կարող է ուղղակի տպել դեղատոմսը և տալ նրան: Սակայն դա չի նշանակու, որ այդ դեղատոմսաով նա կարող է դեղ գնել:

Առողջապահության նախարարի պնդումներին ի պատասխան, Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ Արմեդ ծրագիրը թույլ չի տալիս տպել դեղատոմսը, հիվանդանոցներն էլ ապահովված չեն տպիչ սարքերով:

«Ինչ վերաբերում է պացիենտներին դեղատոմսի թղթային տարբերակը տալուն, դա արվում է ոչ թե նրա համար, որ այդ դեղատոմսով դեղ ձեռք բերեն, այլ նրա համար, որ հիվանդը իմանա, թե ո՞ր դեղը, ինչպե՞ս է օգտագործելու, որովհետև հիվանդը պարտավոր չի մտքի մեջ հիշել, թե որ դեղը, ինչ սկզբունքով են օգտագործում»,-հավելեց նա:

Նախարարի խոսքով, հասկանալի է, որ նման մեծ թվով անձանց վերաբերելի թվայնացվող ծառայությունը առաջին ամսվա ընթացքում որոշակի անհարմարություններ, նոր խնդիրներ և հարցեր է առաջ բերում, որոնք իրենք փորձել են լուծել, ավելի հարմարացնել թե՛ բժիշկների, թե՛ պացիենտների համար: Նա շեշտեց, որ նախարարությունը շարունակելու է թվայնացման պրոցեսը, որովեհտև շատ կարևոր է նաև թափանցիկությունը, վերահսկելիությունը ապահովելու, բժշկական սխալներից խուսափելու համար:

«2023 թվականին 33 տոկոսով աճել են ընտանեկան բժիշկների և բուժքույրերի աշխատավարձները, և սա ևս կարևոր ներդրում է, որոպեսզի մարդը գնահատված լինի իր կատարած աշխատանքի համար»,-ասաց նա: