«Պիկ-Դիստրիկտ» ջրամբարում ժապավենի տեսքով անհավանական սառցե գոյացություններ են հայտնվել, որոնք ջրամբարը հեքիաթային երկիր են դարձրել, հաղորդում է «Моя планет»-ն։
Գիտնականները կարծում են, որ այստեղ իր ազդեցությունն է թողել արեւելքից Եվրոպա եկած ցուրտը: Այն հյուսիսային Անգլիայում եւ Շոտլանդիայում հանգեցրել է ջերմաստիճանի կտրուկ անկման, որի հետեւանքով 10 սմ հաստության ձյուն է տեղացել։
Քեմբրիջի բնակիչ, օվկիանոսներ լուսանկարող դոկտոր Էմիլի Շուքբերգը հայտնել է, որ հանելուկային գոյացությունները կարող էին «սառցե ձյան» հետեւանք լինել։ Ջրի մեջ հայտնվելիս՝ ձյունն սկսվում է հալվել, իսկ հետո միանգամից սառչում է՝ ստանալով ալիքավոր ժապավենի տեսք։
Գիտնականները բացատրում են, որ սառույցի շերտեր են ձեւավորվում այն ժամանակ, երբ ջրի հանգիստ մակերեսի վրա բյուրեղները սառչում են։ Այդ բյուրեղները արագ միանում են՝ սառույցի ամուր եւ հարթ շերտ ձեւավորելու համար։ Բայց եթե ջուրը մշտապես հոսում է՝ առաջացնելով ալիքներ, բյուրեղները չեն կարողանում միավորվել միմյանց հետ, ինչից էլ զարմանալի նախշեր են առաջանում: