Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում այսօր՝ մարտի 29-ին, հակատանկային ականի պայթյունի հետեւանքով տուժած տղամարդկանց այս պահին վիրահատում են: Այս մասին NEWS.am-ին ասաց Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Արմեն Խաչատուրյանը:
«Տուժածներից մեկն ունի վնասվածքներ ոտքի շրջանում, մյուսի մոտ առկա է ներքին արյունահոսություն: Երկուսի վիրահատությունն էլ շարունակվում է, այս պահին լրացուցիչ ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց նա:
Նշենք, որ 2 տուժածներն եւ 3 զոհերն ականազերծմամբ զբաղվող «HALO Trust» կազմակերպության աշխատակիցներ են, Արցախի բնակիչներ: Ըստ կազմակերպության տրամադրած տեղեկատվության՝ տղամարդկանց խումբն է եղել:
Պաշտոնապես դեպքի վերաբերյալ որեւէ բան չի հաղորդվում: Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հորդորեցին սպասել պաշտոնական տեղեկատվության, իսկ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ հայտնեց, որ կատարվածը բանակի հետ որեւէ կապ չունի: