Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում այսօր՝ մարտի 29-ին, հակատանկային ականի պայթյունի հետեւանքով տուժած տղամարդկանց անունները հայտնի են:
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Արմեն Խաչատուրյանը հայտնեց, որ վիրավորներ են 43-ամյա Արամ Մկրտչյանն ու 31-ամյա Գարիկ Ղահիրյանը:
«Արամ Մկրտչյանի մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք, վիրահատությունն ավարտվել է հաջող, վիճակը ծանր է, բայց կայուն: 31-ամյա Գարիկ Ղահիրյանն ականապայթյունային վիրավորում է ստացել զույգ ստորին վերջույթների շրջանում, երկու վերջույթներն էլ անդամահատել ենք: Ղահիրյանն ունի նաեւ պոլիտրավմա, վիճակը ծանր է գնահատվում»,- ասաց նա:
Նշենք, որ 2 տուժածներն եւ 3 զոհերն ականազերծմամբ զբաղվող «HALO Trust» կազմակերպության աշխատակիցներ են, Արցախի բնակիչներ: Ըստ կազմակերպության տրամադրած տեղեկատվության՝ տղամարդկանց խումբն է եղել:
Պաշտոնապես դեպքի վերաբերյալ որեւէ բան չի հաղորդվում: Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հորդորեցին սպասել պաշտոնական տեղեկատվության, իսկ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ հայտնեց, որ կատարվածը բանակի հետ որեւէ կապ չունի: