Արդեն իսկ ստացել եմ բազմաթիվ դժգոհություններ, ահազանգեր կենսաթոշակների եւ նպաստների տրամադրման գործընթացում առկա չարաշահումների, բացթողումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Մանե Թանդիլյանը։
«Այսօր սկսել է նախարարի պաշտոնում առաջին աշխատանքային օրս:
Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների եւ դրանց լուծման մասին քննարկումներ եմ ունեցել ոլորտի մասնագետների հետ։ Առաջիկայում կներկայացնեմ մեր անելիքները։
Արդեն իսկ ստացել եմ բազմաթիվ դժգոհություններ, ահազանգեր կենսաթոշակների եւ նպաստների տրամադրման գործընթացում առկա չարաշահումների, բացթողումների վերաբերյալ:Այդ կապակցությամբ նախարարության աշխատակիցները, մասնավորապես կենսաթոշակների եւ նպաստների տրամադրման գործընթացում ներգրավված անձիք, զգուշացված են.
կոռուպցիոն դրսեւորումների նկատմամբ լինելու եմ անողոք,
աշխատանքային պարտականություններն իրականացնելիս առաջնորդվեն բացառապես օրենքի տառին համապատասխան, ոլորտում որեւէ ֆինանսական, նյութական չարաշահում, պաշտոնական դիրքի չարաշահում անթույլատրելի է եւ խստագույնս պատժվելու է։ Միեւնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիներին խնդրում եմ, որեւէ չարաշահման փաստի առկայության դեպքում միանգամից դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել նախարարության թեժ գծի հեռախոսահամարով՝ 114:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է ներգրավվի խնդիրների լուծման հարցում, որպեսզի կարճ ժամանակում ոլորտում առկա արատավոր երեւույթները դառնան պատմություն: Մենք անելու ենք առավելագույնը օր առաջ ունենալ մեր երազանքների Հայաստանը»,- նշել է նա։