Երեւանի Այրվածքաբանության գիտական կենտրոնում հուլիսի 29-ին մահացել է 29-ամյա Սասուն Հարությունյանը, ով «մարմնի տարբեր հատվածների 2-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 հասցեում գործող ապակիների խանութ-սրահում առաջացած պայթյունի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը.
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ պայթյունի մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ Արտաշիսյան 62 հասցեում գտնվող ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են. կան տուժածներ:
Տուժածներ Ս.Հ.-ն (1990 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս.Հ.-ն (1972 թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Է.Հ.-ն (1987 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ Է.Հ.-ն «Էրեբունի» եւ Ս.Հ.-ն «Աստղիկ» ԲԿ-ներից տեղափոխվել են Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, որտեղ Ս.Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Է.Հ.-ինը՝ ծանր: