Գիտնականների միջազգային խմբի ջանքերով, Սինգապուրի Քաղցկեղի ինստիտուտի (CSI Singapore) բազայի վրա, մշակվել է FFW նորագույն դեղամիջոցը, որն արդյունավետորեն է պայքարում լյարդի քաղցկեղի դեմ: Ինչպես հայտնում է Medical Express-ը, դեղամիջոցը պոտենցիալ հնարավորություն ունի կասեցնելու հեպատոցելուլյար կարցինոմայի (ՀՑԿ) կամ լյարդի առաջնային քաղցկեղի զարգացումը:
Հեպատոցելուլյար կարցինոման լյարդի առավել տարածված առաջնային չարորակ ուռուցք է, ընդ որում՝ հիվանդները սովորաբար մահանում են կլինիկական ախտորոշումից հետո 11 ամիս անց:
Հետազոտության ընթացքում հիմք է վերցվել SALL4 սպիտակուցը: Հենց այս սպիտակուցն է առաջացնում քաղցկեղային ուռուցքների աճ՝ այլ սպիտակուցների հետ փոխազդեցության ժամանակ: Լյարդի քաղցկեղի դեպքում SALL4-ը փոխազդում է մեկ այլ սպիտակուցի՝ NuRD-ի հետ, ինչն արդյունքում հրահրում է հեպատոցելուլյար կարցինոմայի զարգացումը:
Գիտնականներին հաջողվել է բիոմոլեկուլ մշակել, որն արգելափակում է SALL4-ի եւ NuRD-ի միջեւ փոխազդեցությունը, որը բերում է ինչպես քաղցկեղային բջիջների ոչնչացման, այպես էլ դրանց շարժման դանդաղման: Այս բիոմոլեկուլն է դրվել FFW նոր դեղամիջոցի մշակման հիմքում, որը, ինչպես պնդում են հետազոտողները, ավելի անվտանգ է առողջ բջիջների համար, քան մյուս դեղամիջոցները:
Գիտնականները համոզված են, որ դրանց հայտնաբերումը կարեւոր դեր կունենա ոչ միայն լյարդի քաղցկեղի բուժման մեջ, այլեւ մյուս չարորակ ուռուցքների, որոնք կապված են SALL4 սպիտակուցի գործունեության հետ: