Կառավարությունը 3 տարով հետաձգեց «Արման ընդ պարտնյոր» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի վճարման ժամկետը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու են սառնարանային պահեստներ, մասնավորապես, գյուղմթերքի պահպանման համար։
«Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 100 նոր աշխատատեղ` 120 հազ. դրամ միջին աշխատավարձով: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր առմամբ շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 244 մլն ՀՀ դրամ»,- ասաց Մինասյանը: